Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից մեկնումների քանակը գերազանցում է ժամանումների ցուցաանիշը: Այս մասին սեպտեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնեց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

 

«2014 տարվա առաջին կիսամյակի ընթացքում Հայաստան 1 մլն 78 հազար ժամանում է կատարվել և եղել է 1 մլն 167 հազար մեկնում: Արդյունքում' բացասական հաշվեկշիռը կազմել է 85 հազար 900: Նաև պետք է հաշվի առնել, որ ժամանումներն ու մեկնումները ունեն սեզոնային բնույթ, և այդ նկատառումներով առաջին կիսամյակի հաշվեկշիռը բավականին նշանակալի է», - հավելեց Կարինե Կույումջյանը:

 

Խոսելով ընդհանուր առմամբ երկրում միգրացիայի մասին, Կարինե Կույումջյանը նկատեց, որ 2001 թ. և 2011 թ. մարդահամարների միջակայքում վիճակագրության գործառույթներում օգտագործվել են միգրացիայի վարչական աղբյուներից ստացված տվյալները: Սակայն այդ տվյալների հիման վրա պատկերն ամբողջական հնարավոր չէր կազմել, քանի որ երկրից մեկնելուց առաջ քչերն են դիմում համապատասխան մարմիններ:

 

«2011 թ. մարդահամարի արդյունքում պարզվեց, որ 50 հազար մարդ դուրս է մնացել վիճակագրության տեսադաշտից' այն մարդիկ, ովքեր իրենց տեղաշարժի տվյալները չեն ներկայացրել համապատասխան մարմիններ:

 

Այդ նկատառումով 2013թ. ԱՎԾ-ն փոփոխություն մտցրեց բնակչության թվաքանակի հաշվարկի մեթոդաբանությունում, և այլևս հաշվարկի մեջ ոչ միայն կկիրառվեն Ոստիկանության անձնագրային բաժինների գրանցումները, այլ դրանք յուրաքանչյուր տարի կճշգրտվեն' հաշվի առնելով տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտության ձևավորված բազայի տվյալները» , - տեղեկացրեց Կարինե Կույումջյանը:

 

Նոր մեթոդը հնարավորություն է տալիս ավելի արդիականացված գնահատել միգրացիայի տվյալները' հաշվի առնելով ուղևորների քանակի մասին տեղեկատվությունը' սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի տվյալների համաձայն: Այն հաշվարկում է միայն ուղևորների քանակությունը, սակայն անձը կարող է միգրանտ համարվել, երբ իրականացնում է տեղաշարժը 3 ամսից ավելի ժամկետով և բնակության կամ ուսման նպատակով: