Известия պարբերականը ներկայացնում է 19-ամյա ուսանողուհի Նաստյա Կալիտենկոյի' երեկ գրված նամակն' ուղղված Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյին: Նամակում, աղջիկը, մասնավորապես, գրում է.

 

«Հարգելի′ պարոն Պորոշենկո,

 

Պյոտր Ալեքսեևիչ, վաղը Ձեզ համար շատ կարևոր և վճռական օր է' դուք կդառնաք Ուկրաինայի նախագահ և տեղի կունենա Ձեր երդմնակալության արարողությունը, որը կդառնա Ուկրաինայի համար պատմական իրադարձություն: Բայց ես գրում եմ Ձեզ ոչ թե որպես նախագահ, այլ որպես մարդ, ով չորս երեխայի հայր է, որոնցից երեքն ինձանից փոքր են: Աստված թող ձեր ընտանիքին առողջություն և ուժ տա:

 

Մենք անձամբ չենք ճանաչում միմյանց, ես չեմ կարող Ձեզ զանգահարել կամ նամակ ուղարկել: Իսկ ինձ համար շատ կարևոր է, որ Դուք կարդաք այն, քանի որ հնարավոր է, որ Դուք կփրկեք ինձ, եթե իհարկե ցանկանաք:

 

Իմ անունը Նաստյա Կալիտենկո է, ես 19 տարեկան եմ և ապրում եմ Օդեսայում: Ձեր երդմնակալության օրը, Իսրայելի Հադաս հիվանդանոցում հատուկ խորհրդակցություն անցնելուց հետո, որտեղ ես բուժվում եմ արդեն հինգ ամիս, ինձ կասեն, թե ես քանի շաբաթվա հնարավորություն ունեմ' համարձակվելու իրականացնել ոսկրածուծի կամ ցողունային բջիջների փոխպատվաստում: Սա իմ միակ հնարավորությունն է փրկության համար, իմ վերջին հնարավորությունը: Դոնոր կլինի իմ կրտսեր եղբայրը՝ Դանիկը, ով չորս տարեկան է և նա արդեն այստեղ է՝ հիվանդանոցում, փորձում է զվարճացնել ինձ:

 

Բուժման համար բոլոր այլ մեթոդները բժիշկներն արդեն փորձել են, բայց ապարդյուն: Ծնողներս իմ բուժման համար ծախսել են 100.000 դոլար' այն ամենը, ինչ մենք ունեինք: Այո, ես գիտեմ, որ կան մարդիկ, ովքեր թե′ Ուկրաինայում, և թե′ Ռուսաստանում այդքան գումար ընդհանրապես չունեն, այնպես որ, ես երջանիկ եմ, որ դեռ կենդանի եմ: Օդեսայի բժիշկները՝ տեսնելով իմ հիվանդության անալիզները, հայտնեցին, որ ես այստեղ կմահանամ' անհրաժեշտ բժշկական միջոցները չունենալու պատճառով և ես մայրիկիս հետ անմիջապես մեկնեցի Իսրայել, որտեղ թեկուզ չնչին, սակայն ինչ-որ հնարավորություն իմ առողջանալու համար դեռ կա:

 

Ես գլխուղեղի քաղցկեղով հիվանդ եմ. սուր լեյկոզները չբուժելու դեպքում հանգեցնում են մահվան մի քանի շաբաթվա կամ ամսվա ընթացքում:

 

Ես չեմ ուզում, որ որևէ մեկը իմանա, թե ինչ է դա...

 

Այս ընթացքում, ինչ ես բուժվում եմ, ես պահում եմ մի օրագիր, որտեղ նկարագրում եմ, թե ինչ է կատարվում ինձ հետ, և թե ինչպես եմ ես բուժվում: Դա իմ «Դատապարտված օրագիրն» է:

 

Օրագիրս այս շաբաթ հրապարակվեց Ռուսաստանում, և շատ մարդիկ կարդալով այն' անպատասխան չթողեցին: Նրանք ինձ համար գումարներ են փոխանցում: Արդեն հավաքվել է գրեթե 17.000 դոլար:

 

Չորս օրվա ընթացքում այս գումարն իրոք բավականին մեծ է, և ես շնորհակալ եմ նրանց, ովքեր ինձ օգնել են նույնիսկ չնչին գումարով: Իմ ընտանիքի անունից շատ շնորհակալ եմ բոլոր ինձ օժանդակող մարդկանց:

 

Բայց ես ժամանակ չունեմ հավաքելու մնացած անհրաժեշտ գումարը, որովհետև հնարավոր է' չհասցնեմ, իսկ առանց 153.000 դոլարի' ինձ ոսկրածուծի փոխպատվաստում չեն անի:

 

153–17=136

 

Հարյուր երեսունվեց հազար դոլար:

 

Այն պետք է գտնել մի քանի շաբաթվա ընթացքում:

 

Ես չգիտեմ, թե ինչպես պետք է դա անել ...

 

Բայց ես դեռ հույս ունեմ և գրում եմ այս նամակը Ձեզ:

 

Գուցե սա շատ մեծամիտ քայլ է, այսպես ուղղակի վերցնել ու գրել: Բայց ես իսկապես չեմ ուզում մահանալ 19 տարեկանում:

 

Պյոտր Ալեքսեևիչ, Դուք հաջողակ գործարար եք, Ձեր կարողությունը միլիարդներ է գնահատվում: Ես գիտեմ, որ դուք ուղղափառ քրիստոնյա եք և օգնում եք վանքերին:

 

Աղաչում եմ Ձեզ, օգնե′ք ինձ:

 

Ձեզնից խնդրում եմ անհնարինը՝ նվիրեք ինձ կյանք»: