Գյումրին շուտով կունենա հաշմանդամերի խնամքի' տարածաշրջանում եզակի կենտրոն: Գյումրու Անի թաղամասում 2013 թվականի հոկտեմբերի 29-ի մեկնարկած կենտրոնի շինարարական աշխատանքներն արդեն թևակոխել են եզրափակիչ փուլ՝ ավարտված են հիմնային և հողային աշխատանքները, իսկ հունիսի 1-ից իրականացվում են կառուցապատման աշխատանքներ: Մոտ 1700 քառակուսի մետր տարածք ունեցող բուն կառույցն ունենալու է նաև ազատ տարածք:
Կառույցը եզակի է. հավաքովի կոնստրուկցիա է՝ Ավստրիայից ներմուծված հիմնականում եղևնու փայտից, հատուկ նախատեսված ցուրտ տարածքների համար: «Կառուցապատման մեջ օգտագործվում են նոր ջեռուցման և էներգասնուցման համակարգերի տեխնոլոգիաներ: Կառույցի ջեռուցումը տեղի է ունենալու տարածքի գրունտային ջրերի հաշվին, իսկ էներգասնուցումը՝ մոտ 100 կվտ հզորոթյան արևային կայանով: Ըն դհանուր առմամբ, շենքն ամբողջովին նախագծված է թե՛ կանաչ տեխնոլոգիաների և թե՛ էներգետիկ ավտոնոմության սկզբունքով: Հաշվի առնելով, թե կառույցն ինչ թիրախային խմբի համար է կառուցվում, բնապահպանական խնդիրն առավել է կարևորված՝ պատրաստվում է էկոլոգիապես ամենաորակյալ նյութերից, իսկ սալիկապատման համար, որպես դեկորացիա, օգտագործվելու է Անիից բերված տուֆը:
Ինչպես բուն կառույցն իր սանհանգույցներով, միջանցքներով, սենյակներով, այնպես էլ տարածքը ևս խիստ հարմարեցված է լինելու»,-նշեց Տիգրան Պետրոսյանը: Ի դեպ, ըստ նախագծի, որը ևս պատվիրվել է Ավստրիայում, տարածքը լինելու է բաց, որտեղ համայնքի բոլոր երեխաները և երիտասարդները հնարավորություն կունենան մուտք գործել և շփվել կենտրոնի շահառուների հետ: Հիմնային շինարարական աշխատանքներն իրականացվում է տեղի՝ «Կանակա» շինարարական կազմակերպության, իսկ կառուցապատման աշխատանքերը՝ ավստրիացի մասնագետների կողմից: Վերջիններս արդեն Գյումրիում են: Շենքի բուն կառույցի շինարարությունը նախատեսված է ավարտին հասցնել ամռանը, տարածքի բարեկարգումն ու տեխնիկական համակարգերի վերջնական շահագործումը՝ աշնանը, իսկ կառույցն ամբողջո վին նախատեսվում է շահագործման հանձնել մինչև տարեվերջ:
Կառույցը տարբեր գործառույթներ իրականացնող բավական լուրջ փորձարարական դաշտ է, սակայն մեկ գլխավոր նպատակով՝ բարելավել հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքների անդամների կյանքի որակը: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Հայկական Կարիտաս»-ի «Արեգակ բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների կենտրոն» ծրագրի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ շինարարությունից հետո «Էմիլի Արեգակ» հաշմանդամություն ունեցող անձանց ցերեկային կենտրոն կտեղափոխվեն «Արեգակ» բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների կենտրոնի շահառուները: «Կրթական, ժամանցային, մասնագիտական, արհեստագործական և տեղեկատվական ծառայությունները, ինչպես նաև աջակցություն ներառող գործառույթները զուգահեռաբար կիրականացվեն նաև տվյալ անձանց խնամքը պահանջող մյուս բաղադրիչներով՝ տարաբնույթ թերապևտիկ կամ այլ բժշկական, ինչպես նաև հոգեբանական, կգործի նաև սոցիալական աշխատողի ծառայություն: Կենտրոնը ծառայելու է չորս տարեկանից բարձր հաշմանդամություն ունեցող անձանց: Կենտրոնում հիմնական շեշտը կդրվի հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրման խնդրի վրա: Ընդհանրապես շատ ծրագրեր կան այդ կենտրոնի հետ կապված, այդ թվում նաև պարտեզի ստեղծում, տարբեր միջոցառումների իրականացում»-,ավելացրեց Արմեն Մարտիրոսյանը:
«Հայկական Կարիտաս»-ը ծրագիրն իրականացնում է հիմնականում «Կարիտաս Ավստրիա»-ի ֆինանսական ներդրումներով, կան նաև այլ դոնոր կազմակերպությունների և անհատների ներդրումներ: Կենտրոնի միայն կառուցապատման աշխատանքների աժեքը շուրջ 2 մլն եվրո է:
Արմենուհի Մխոյան