Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը հունիսի 8-ին այցելել է Հադրութի շրջանի՝ վերջերս կարկտահարված գյուղեր, տեղի բնակչությանը հանդիպելու և իրավիճակին ծանոթանալու նպատակով:

 

Վարչապետի խոսքով, հանրապետության նախագահը հանձնարարել է աջակցություն ցուցաբերել կարկտից տուժած համայնքների ն: Ջրակուս և Քյուրաթաղ համայնքներում Հադրութի շրջվարչակազմի ղեկավարը և համայնքապետերը ներկայացրել են վնասի նախնական չափերը: Ըստ նրանց, շրջանում շուրջ 1000 հեկտար ցանքատարածք և այգի մասնակի կամ ամբողջական տուժել է տեղումներից:

 

Վարչապետը տեղեկացրել է, որ նշանակալի վնասներ կրած գյուղացիների ընթացիկ տարվա աշնանացանի աշխատանքները կառավարությունն իր վրա է վերցնելու: Ավելին՝ բոլոր տուժողներն ազատվելու են հողի հարկից և վարձավճարից, ինչպես նաև արտոնյալ պայմաններով փոխառություններ են ստանալու գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման համար:

 

Գյուղացիների սոցիալական դրության բարելավման ուղղությամբ ևս վարչապետը տվել է կոնկրետ հանձնարարականներ և խոստումներ: Մասնավորապես, տեղի բնակիչներն ընդգրկվելու են իրենց համայնքներում նախատեսվող շինարարական աշխատանքներում: Արա Հարությունյանը խոստացել է շարունակական աջակցություն ցուցաբերել նշյալ գյուղերում տնտեսական զարգացման նախաձեռնություններին, ինչը կստեղծի եկամտի հավելյալ աղբյուրներ տուժած ընտանիքների համար:

 

Պատասխանելով բնակիչների հարցերին՝ կառավարության ղեկավարը, մասնավորապես, անդրադարձել է բնակարանաշինության հիմնախնդրին: Նա նշել է, որ շուտով մեկնարկելու է գյուղերում բնակարանաշինության աջակցման պետական ծրագիրը, որն արտոնյալ պայմաններով անհրաժեշտ ռեսուրսներ է տրամադրելու գյուղաբնակներին: