Մայրաքաղաքի Կասյան փողոցին հարող հրապարակում հունիսի 8-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, Երևանի քաղաքապետարանի օժանդակությամբ, վերաբացել է գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը: Բացմանը ներկա են եղել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Երևանի փողքաղաքապետներ Դավիթ Օհանյանը և Արամ Սուքիասյանը:

 

Նախարարը փողքաղաքապետների ուղեկցությամբ շրջել է տոնավաճառի տաղավարներով: Նրանց հետ զրույցի ընթացքում, թե’ վաճառողները, թե’ գնորդները գոհունակությամբ են խոսել նման քաղաքակիրթ առևտրի կազմակերպման մասին, ցանկություն հայտնել, որ այն շարունակական լինի և ընդգրկի նաև մայրաքաղաքի մյուս վարչական շրջանները:

 

Տոնավաճառում բացառվել են վերավաճառքի դեպքերը, գործել են տոնավաճառին մասնակցելու հատուկ ընթացակարգեր, որոնք անփոփոխ են ՝սկսած 2011 թվականից, երբ մայրաքաղաքում բացվեց առաջին նման տոնավաճառը: Մասնավորապես, գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը տոնավաճառին անվճար է: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տոնավաճառի մասնակիցներին անվճար տրամադրել է նաև հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ կշեռքներ և սայլակներ: Մասնակցությունը տոնավաճառին թույլատրվում է միայն գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) կողմից տրված համապատասխան տեղեկանքներով, որոնք հավաստել են, որ վաճառքի ներկայացվող ապրանքը հանդիսանում է տվյալ մասնակցի սեփական արտադրանքը:

 

Տոնավաճառին մասնակցել են գյուղացիներ ՀՀ բոլոր մարզերից, ովքեր երևանաբնակներին են ներկայացրել բացառապես իրենց արտադրանքը: Տոնավաճառը կգործի շաբաթ և կիրակի օրերին: Ներկայումս ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն աշխատանքներ է տանում մայրաքաղաքում գյուղատնտեսական մթերքների նոր շուկաներ գործարկելու ուղղությամբ:

 

Տարածքում հասարակական կարգն ու երթևեկությունը կարգավորվում է ոստիկանության կողմից: Տոնավաճառի ավարտից հետո կկազմակերպվեն տարածքի մաքրման աշխատանքներ: