Բեռլինի արեւմտյան մասի սուրբծննդյան շուկան, որը դեկտեմբերի 19-ին ահաբեկչի կողմից գրոհի Էր ենթարկվել բեռնատարով, վերաբացվել Է այցելուների համար: Այդ մասին հայտնել Է N-TV հեռուստաալիքը:
Այդուհանդերձ, տոնավաճառի ավերված մասը փակ կմնա տոնական հանդիսությունների համար: Ողբերգության վայրում կպահպանվի 12 զոհվածների հիշատակին ծաղիկներից, մոմերից եւ լուսանկարներից հանպատրաստից ստեղծված հուշակոթողը: Բեռլինի իշխանությունները համապատասխան թույլտվություն են տվել:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ի թղթակիցը, Բեռլինի արեւմտյան մասի Բրայտշայդպլատց հրապարակում գտնվող տոնավաճառն այժմ շրջափակված Է բետոնե սալերով, որոնք պետք Է կանխեն ողբերգության հնարավոր կրկնվելը: Անվտանգության նույնպիսի միջոցներ են ձեռնարկվել Բեռլինի նաեւ այլ սուրբծննդյան շուկաներում: Բացի այդ, ոստիկանությունը հանել Է հանցագործության վայրի շրջափակումը:
Դեկտեմբերի 19-ի երեկոյան բեռնատարը մոտավորապես 80 մետր Է անցել Բեռլինի կենտրոնական մասի սուրբծննդյան շուկայի տարածքով: Ողբերգության զոհ Է դարձել 12 մարդ, 48 հոգի հոսպիտալացվել Է: Գրոհի պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Գերմանիայի իշխանությունները փնտրում են ահաբեկչության կատարողին:
Գլխավոր կասկածյալը Թունիսի քաղաքացի Անիս Ամրին Է, որի նկատմամբ հետախուզում Է հայտարարված Գերմանիայում եւ եվրոպական երկրներում, նրա գտնվելու վայրի մասին տեղեկատվության համար 100 հազար եվրոյի պարգեւ Է խոստացված, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: