Թբիլիսիում տեղի ունեցած ավերիչ հեղեղումից երեք ամիս անց այցելուների առջև դռներն է բացել կենդանաբանական այգին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով վրացական ԶԼՄ-ներին:

 

Առավել մեծ թվով այցելուներ ու լրագրողներ էին հավաքվել գետաձի Բեգիի մեծավանդակի մոտ, որը հռչակավոր է դարձել այն բանից հետո, երբ նրան գտան Թբիլիսիի կենտրոնում զբոսնելիս և վերադարձրեցին կենդանաբանական այգի:

 

Լույս հունիսի 14-ի գիշերը տարերքն ավերել էր կենդանաբանական այգու զգալի մասը: Կենդանիների մեծ մասը սատկել էր, դրանցից մի քանիսը, այդ թվում՝ գիշատիչներ, փախել էին և ավելի ուշ սպանվել Թբիլիսիի փողոցներում:

 

Ինչպես հայտնել է Թբիլիսիի կենդանաբանական այգու տնօրեն Զուրաբ Գուրիելիձեն, ընդամենը կենդանաբանական այգին կորցրել է 277 կենդանի՝ ընդհանուր թվի գրեթե կեսը:

 

Մոտ ժամանակներս այգին պետք է համալրվի նոր կենդանիներով: Սպասվում է, որ այստեղ կբերվեն շուրջ 150 կենդանիներ:

 

Սեպտեմբերի 13-ին բացվել է կենդանաբանական այգու միայն վերին տարածքը: Ստորին տարածքը, որն առավել շատ է տուժել, մնում է փակ:

 

Կենդանաբանական այգու վարչակազմում նշում են, որ այնտեղ նոր վանդակների տեղադրում չի պլանավորվում, իսկ Թբիլիսիի կենդանաբանական այգին պատրաստվում են տեղափոխել նոր վայր, որտեղ կենդանիների համար ավելի մեծ տարածք կլինի: