Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հունիսի 9-ին սերբական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինան «ոչ մի տեղ չի գնա» Եվասիական տնտեսական միության (ԵՏՄ) հետ համագործակցությունից:

 

Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը մայիսի 29-ին Աստանայում պայմանագիր են ստորագրել Եվասիական տնտեսական միության ստեծման մասին, որը ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1-ից:

 

«Արդեն երեք պետությունների միջև այդ պայմանագրի կնքման փուլում դրա նկատմամբ հետաքրքրությունը հսկայական է: Խոսքը Չինաստանի մասին չէ. մենք արդեն նրա հետ խոսում ենք, համագործակցում: Այսօր Վիետնամը, Հնդկաստանը, մյուս երկրները հայտարարել են այդ մասին (ԵՏՄ-ի նկատմամբ հետաքրքրության մասին): Ես վստահ եմ, որ Ուկրաինան ոչ մի տեղ չի գնա այդ միության հետ համագործակցությունից… Եվ դա ճիշտ է, որովհետև, ինչպես ես եմ հասկանում, ծնվում է ուժի նոր կենտրոն: Գուցեև դա լրացուցիչ ներդրում է աշխարհի բազմաբևեռայնության մեջ»,- Լուկաշենկոյի խոսքը մեջ բերել է նրա մամուլի ծառայությունը:

 

Նա այն կարծիքին է, որ ԵՏՄ-ն մեծ հեռանկարներ ունի: Սակայն, նախագահի խոսքով, որպեսզի այլ երկրներ էլ ցանկանան միանալ դրան, անհրաժեշտ է լավ հեռանկարներ ցուցադրել տնտեսության բնագավառում, բոլորին ցույց տալ, որ սա իսկապես կենսունակ միավորում է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: