Հայաստանը հայտ է ներկայացրել ՆԱՏՕ-ի «Rose Road» սեմինարը 2015-ին ՀՀ-ում անցկացնելու համար: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը: «Մենք արդեն պաշտոնապես առաջարկ ենք ներկայացրել ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովին, որ Երևանում անցկացնենք «Rose Road» սեմինար 2015-ին: Դա շատ կարևոր միջոցառում է ՆԱՏՕ-ի օրակարգում , որի ընթացքում քննարկվում են ինչպես գլոբալ, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության խնդիրներ»,- հայտնեց Կորյուն Նահապետյանը:

 

Հայաստանի պատվիրակությունը մայիսի 30-ից հունիսի 1-ը Վիլնյուսում շատ կարևոր երկկողմ հանդիպումներ է ունեցել ՆԱՏՕ-ի խորհրդարական վեհաժողովի նախագահի և խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարի հետ, որի ժամանակ տարբեր հարցեր են քննարկվել: «Մասնավորապես անդրադարձ եղավ հունիսի 16-18-ին Բաքվում տեղի ունենալիք «Rose Road» սեմինարին ՀՀ ԱԺ պատվիրակների մասնակցությանը: Մենք մեր մասնակցելու մտադրությունն արտահայտել ենք, և անվտանգության երաշխիքների առկայության պարագայում երկու պատվիրակներ կմասնակցեն այդ սեմինարին»,-նշեց Կորյուն Նահ ապետյանը:

 

Պատգամավորի տեղեկացմամբ' իրենք առաջարկել են, որպեսզի ԱԺ պատգամավորները, աշխատակազմի ներկայացուցիչները ներգրավված լինեն նաև ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող այլ միջոցառումների:

 

Կորյունի Նահապետյանի ներկայացմամբ' Հայաստանի պատվիրակությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռասմունսենի ելույթի ժամանակ հարց է բարձրացրել Հայաստան-ՆԱՏՕ երկկողմ հարաբերությունների մակարդակի ու հետագա զարգացումների վերաբերյալ: «Ռասմունսենը գոհունակությամբ արտահայտվեց Հայաստան-ՆԱՏՕ երկկողմ հարաբերությունների վիճակի վերաբերյալ ու նշեց, որ մեծ ներուժ կա դրանք զարգացնելու: Մենք լավատես ենք ու վստահ, որ առաջիկա տարիներին երկկողմ հարաբերությւոնները ՆԱՏՕ-ի հետ ունենալու են բարձր մակարդակ' հաշվի առնելով, որ մայիսի 23-ին հաստատվել է անհատական գործընկերության գործողությունների նոր ծրագիրը»,-ասաց Կորյուն Նահապետյանը' շեշտելով, որ այս պահին իրենք տեսնում են, որ կան նոր հնարավորություններ հարաբերությունները խորացնելու համար:

 

Մայիսի 30-ից հունիսի 1-ը Վիլնյուսում կայացել է ՆԱՏՕ խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը, որի աշխատանքներին մասնակցել է նաև ՀՀ ԱԺ պատվիրակությունը ամբողջ կազմով: