Ազգային ժողովում մեկնարկեց հերթական քառօրյայի երկրորդ օրը:

 

Նիստի մեկնարկին նախ քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված հարցերը: Հունիսի 9-ի նիստում խորհրդարանն ավարտել է ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին, «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենսդրական փաթեթի քննարկումը:

 

Խորհրդարանն ավարտել է նաև «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 2013 թվականի նոյեմբերի 7-ին եւ 2013 թվականի նոյեմբերի 18-ին ստորագրված «Հայաստանի «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցք» ֆինանսական պայմանագրի և Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2014 թվականի մարտի 11-ին ստորագրված վարկային համաձայնագրի (ընդհանուր գործողություններ) (Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 3) քննարկումը:

 

Հունիսի 9-ի նիստի ավարտին Ազգային ժողովը քննարկեց կենտրոնական բանկի 2013 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2014 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագիրը, որոնք ընդունվել են ի գիտություն:

 

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նիստի ավարտին տեղեկացրեց, որ հունիսի 10-ի նիստը խորհրդարանը կսկսի ՀՀ 2013թ. պետական բյուջեի կատարողական նախագծի քննարկմամբ: Մինչ այս ՀՀ 2013թ. պետական բյուջեի կատարողականի ծրագիրը նախ քննարկվել է ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, իսկ այնուհետև բոլոր հանձնաժողովներում առանձին-առանձին: