ՀՀ արտաքին գործերի նախարարությունում Հայաստանի և Ճապոնիայի կառավարությունների միջև հունիսի 9-ին կնքվել է Ճապոնիայի կողմից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը դրամաշնորհ տրամադրելու մասին համաձայնագիր: Համաձայնագրով հայկական կողմին կտրամադրվի 200 մլն յենին (1,93 մլն ԱՄՆ դոլարին) համարժեք՝ Ճապոնիայի փոքր և միջին ձեռնարկությունների արտադրանք: Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը և ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Տիկահիտո Հարադան:

 

Ստորագրման արարողությունից հետո, ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանն ընդունել է Ճապոնիայի դեսպան Տիկահիտո Հարադային: Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:

 

Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանում Ճապոնիայի դեսպանության բացումը նոր խթան կհաղորդի փոխգործակցության զարգացմանը:

 

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել նաև միջազգային ու տարածաշրջանային հարցերի վերաբերյալ: