ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մեկ տարով երկարացրել է Բելառուսի ղեկավարության ներկայացուցիչների դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցների գործողությունը: Հունիսի 10-ին նա ստորագրել է համապատասխան հրամանագիր եւ այդ մասին ծանուցագիր ուղարկել Կոնգրես:
Հրամանագրում ասված է, որ «Բելառուսի կառավարության որոշ ներկայացուցիչների գործողությունները չափազանց մեծ սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ-ի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության համար»:
Դրանք նաեւ «քայքայում են ժողովրդավարական գործընթացներն ու ինստիտուտները Բելառուսում»: Մասնավորապես, նշվում են «մարդու իրավունքների խախտումները՝ կապված քաղաքական բռնաճնշումների, այդ թվում՝ մարդկանց ձերբակալությունների եւ առեւանգումների հետ, ինչպես նաեւ կոռուպցիայի եւ պետական ունեցվածքի անիրավաչափ օգտագործման հետ», հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: