Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը օգոստոսի 23-25-ը կայցելի Հարավային Կովկաս՝ Վրաստան, Հայաստան և Ադրբեջան, որոնց ղեկավարների հետ կայանալիք երկկողմ հանդիպումների ընթացքում նախատեսվում են քննարկումներ ինչպես տնտեսական համագործակցության, այնպես էլ արտաքին քաղաքական, մասնավորապես Եվրոպայի հետ հարաբերություններին առնչվող թեմաների շուրջ:
Հարավային Կովկասի երկրներից յուրաքանչյուրն Իրանի հետ ունի տնտեսական սերտ հարաբերություններ, այդ համատեքստում ներկայացնենք Իրանի և Գերմանիայի հարաբերությունների առանձնահատկությունը՝ ԻԻՀ նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցների փուլում:
Իրանի և «5+1 խմբի» միջև ստորագրված միջուկային համաձայնագրից Միացյալ Նահանգների՝ միակողմանի դուրս գալուց հետո շուրջ երկու ամիս տևած բանակցությունների արդյունքում հուլիսի 6-ին Վիեննայում տեղի ունեցավ նոր՝ «4+1» ձևաչափով առաջին հանդիպումը՝ մասնակից երկրների արտգործնախարարների մակարդակով: Հանդիպման ավարտին 10 կետից բաղկացած համատեղ հայտարարություն հրապարակվեց, ըստ որի՝ «4+1 խումբը» հանձնառություն էր ստանձնում շարունակել Իրանի հետ տնտեսական համագործակցությունը:
Վիեննայի հանդիպման նախօրեին ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանիի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, ի պատասխան Ռուհանիի հայտնած մտահոգություններին, թե Եվրոպայի ներկայացրած առաջարկությունների փաթեթը հիասթափեցնող էր և ներկայացված առաջարկությունների փաթեթում գործողությունների ընթացքը հստակ չի ձևակերպվել, Անգելա Մերկելը պատասխանել էր. «Կարևորն այն է, որ մենք շարունակում ենք հետևել միջուկային համաձայնությանը, իսկ գործողությունների հետագա ընթացքի և այլ մանրամասների վերաբերյալ պետք է բանակցել և ընթանալ առաջ»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մասին հրամանագրի ստորագրումն իրավիճակն ավելի բարդացրեց, սակայն ԵՄ-ն հավատարիմ մնաց Վիեննայում ստանձնած պարտավորություններին, և Թրամփի որոշմանն ի պատասխան ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին և «Եվրաեռյակի» (Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա) արտգործնախարարները համատեղ հայտարարություն տարածեցին՝ ափսոսանք հայտնելով Վաշինգտոնի քայլերի առնչությամբ՝ միևնույն ժամանակ հայտարարելով, որ միջուկային համաձայնագիրը ստորագրած երկրները պետք է Իրանի հետ շարունակեն տնտեսական համագործակցությունը:
Բացի այդ՝ Գերմանիայի առևտրի նախարար Փեթեր Ալթմայերը, քննադատելով Միացյալ Նահանգների նախագահի այդ քայլը, ընդգծել էր միջուկային համաձայնության կատարման անհրաժեշտությունը և հավելել. «Վաշինգտոնին թույլ չենք տա, որ մեզ թելադրի, թե որ երկրի հետ առտուր անենք, որ երկրի հետ, ոչ»:
Ներմուծման ծավալների ցուցանիշով ԵՄ անդամ երկրների շարքում Գերմանիան միակն է, որը գտնվում է առաջին հնգյակում (Իրանի 5-րդ առևտրային գործընկերն է): 7-րդ տեղում գտնվում է Շվեյցարիան, 8-րդ տեղում՝ Ֆրանսիան, իսկ տասնյակը եզրափակում է Իտալիան:
2017թ. Իրանը Գերմանիայից 2 մլրդ. 347 մլն. դոլարի ապրանք է ներկրել: Սա կարևոր ցուցանիշ է, ուստի միանգամայն բնական է, որ Գերմանիայի առևտրի նախարարը պետք է նման կերպ արձագանքեր:
Այդուհանդերձ պետք է նշել, որ ամերիկյան պատժամիջոցներով պայմանավորված մի շարք խոշոր ընկերություններ, ինչպիսիք են՝ «Դայմլերը», «Պեժոն», «Տոտալը», «Գերմանական երկաթուղիները» և այլն ստիպված են եղել դադարեցնել Իրանում իրենց գործունեությունը:
Ավանդաբար Գերմանիան նշանակալի ներկայություն է ունեցել Իրանի շուկայում: Նույնիսկ Իրանի նկատմամբ սահմանված ամենախիստ պատժամիջոցների ընթացքում Գերմանիան միշտ վերապահումներ է ունեցել ամերիկյան պատժամիջոցների նկատմամբ՝ փորձելով Թեհրանի հետ պահպանել տնտեսական համագործակցությունը:
Ս.թ. մարտին Իրանում Գերմանիայի դեսպանը Թավրիզ կատարած այցի ընթացքում հայտարարել էր, որ Գերմանիան ցանկություն ունի Թավրիզում հյուպատոսություն բացել: Եթե այդ նախաձեռնությունն ի կատար ածվի, ապա Հայաստանի համար ևս մեկ հնարավորություն է բացվում Իրանի հետ տնտեսական հարաբերություններն ընդլայնել ոչ միայն երկկողմ, այլև բազմակողմ ձևաչափով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր է ստորագրվել, Եվրամիության ֆինանսավորմամբ նախատեսվում է վերանորոգել Մեղրիի անցակետը, ինչպես նաև Մեղրիի և Իրանի «Արաս» ազատ տնտեսական գոտիների միջև ակտիվ համագործակցություն է ծավալվում:
Այդ առումով օգտակար կլինի, որ Երևանի նախաձեռնությամբ Իրանի, Հայաստանի, Եվրամիության, ինչպես նաև Վրաստանի մասնակցությամբ համատեղ հանդիպումներ կազմակերպվեն՝ քննարկելու տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր, ծանոթանալու խնդիրներին:
Անդրադառնալով Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցներին և դրանց նկատմամբ Գերմանիայի դիրքորոշմանը՝ նկատենք, որ անկախ այն հանգամանքից, որ «4+1 խումբը» հանձնառություն է ստանձնել հետևել միջուկային համաձայնության կատարման ընթացքին, պետք է արձանագրել, որ ԱՄՆ-ի՝ միջուկային համաձայնությունից դուրս գալն իր բացասական ազեցությունն արդեն գործել է: Օբյեկտիվորեն բազմաթիվ կազմակերպություններ ստեղծված իրավիճակով պայմանավորված իրենց կամքից անկախ դադարեցրել են Իրանի հետ համագործակցությունը, հետևաբար իրատեսական չէ Իրանի կողմից «4+1 խմբից» պահանջել այն, ինչի պատասխանատուն այդ խումբը չէ: Կարևոր է ընդծել նաև, որ մինչև վերջին պատժամիջոցների սահմանումը, այնպես չէր, որ Իրանի հետ բանկային գործարքներն իրականացվում էին առանց խոչընդոտների և տնտեսական համագործակցությունը հարթ էր ընթանում:
Նշենք, որ «4+1 խմբի» անդամների՝ այսպես ասած Իրանի նկատմամբ ստանձնած պարտավորությունները սահմանափակվում են միայն միջուկային համաձայնության շրջանակներում, իսկ դրանից դուրս երկրներն առաջնորդվում են իրենց քաղաքական շահերով, որոնք կարող է և չհամընկնեն Իրանի շահերի հետ:
Այդ համատեքստում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը օգոստոսի 18-ին Բեռլինում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է. «Գերմանիան հավատարիմ է միջուկային համաձայնությանը, սակայն միևնույն ժամանակ Իրանի հրթիռային համակարգերի, ինչպես նաև Եմենում ԻԻՀ ազդեցության առնչությամբ իր մտահոգությունն է հայտնում»:
Այսինքն՝ միջուկային համաձայնության շրջանակներում Գերմանիան հստակ ձևակերպում է Իրանի հետ իր համագործակցության ձևաչափը, սակայն միևնույն ժամանակ միջուկային համաձայնության շրջանակներում իր մոտեցումները հստակ տարանջատում է տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ իր դիրքորոշումից՝ այդ հարցում համահունչ գործելով իր գործընկերների քայլերին:
Արմեն Իսրայելյան, իրանագետ