Թուրքիայի վարչապետ Էրդողանը տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին հանձրարարել է կառույցների կազմերից ազատել արդի իսլամի ջատագով Ֆեթուլլահ Գյուլենի գաղափարակիրներին: Այս մասին հաղորդում է թուրքական «Սոզչու» թերթը, Էրդողանը հայտարարել է իր գլխավորած' իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) անդամ ՏԻՄ ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:

 

«Ինչքան տեղեր ունեք նրանց տրված, բոլորը պետք է հետ վերցնեք: Ինչքանով դա պատասխանատվություն է ինձ համար, այնքան էլ պետք է ձեզ համար լինի», -ասել է նա:

 

Էրդողանը ԱԶԿ-ական ղեկավարներին հորդորել է մտնել ժողովրդի մեջ, քարոզչություն տանել գյուլենականների դեմ: Վերջին տարիներին իր կառավարության բոլոր ձախողումների համար Էրդողանը մեղադրել է իշխանական օղակներ թափանցած գյուլենականներին: Էրդողանը հայտարարել է, որ անցյալ տարի Ստամբուլի Գեզի այգու բնապահպանական պահանջներով սկսված բողոքի ակցիաները եւ դրանց' հակակառարավական ցույցերի վերածվելը, ինչպես նաեւ դեկտեմբերին Թուրքիան ցնցած կոռուպցիոն բացահայտումները նույնպես գյուլենականների գործն են:

 

«Ոչ մի պարագայում թույլ չտաք, որ նրանք մեր շարքերը թափանցեն: Տարիներ շարունակ վստահեցինք սրանց ազնվությանը, աջակցեցինք, այսուհետեւ իրենք պետք է մեզնից հեռու մնան: Այս երկրի վարչապետի, նախարարների վրա նման կերպ հարձակվողներին պետք է արժանի հակահարված տրվի», -ասել է Էրդողանը' փաստորեն պատերազմ հայտարարելով գյուլենականների դեմ:

 

«Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը, որը համարվում է նաեւ նուրսիստների (նուրչուլար) շարժում, արդի իսլամ քարոզող հզոր շարժում է: Այն հարյուրավոր դպրոցներ ունի աշխարհի բազմաթիվ իսլամական երկրներում, այդ թվում' Թուրքիայում եւ Ադրբեջանում: Մինչ վերջերս այն համարվել է Թուրքիայի վարչապետ Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) քաղաքական հենարանը: Իսրայելի հետ Թուրքիայի միջեւ հարաբերությունները երկու տարի առաջ «Մավի Մարմարա» նավի միջադեպի պատճառով լարվելուց հետո Էրդողանի եւ Գյուլենի միջեւ հարաբերությունները սրվել են:

 

Դեկտեմբերի կեսերին Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալից հետո, որով բացահայտվել են թուրքական կառավարության անդամների, այդ թվում' վարչապետի, նրա որդու, փեսայի եւ դստեր խոշոր կոռուպցիոն գործարքները, Էրդողանը հայտարարել է, որ դրա հետեւում կանգնած են գյուլենական համայնքի հետեւորդները, որոնք ցանկանում են տապալել իր կառավարությունը: