Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես հանձնարարել է վարչապետ Ահմեդ Դավութօղլուին կազմել երկրի նոր կառավարությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը, այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը:
«Նախագահը, ընդունելով Քոնյայից ընտրված պատգամավոր և «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար Ահմեդ Դավութօղլուին, հանձնարարել է հանրապետության 63-րդ կառավարությունը կազմելու գործը»,- նշել է Քալընը:
Էրդողանի և Դավութօղլուի հանդիպումը տևել է 1 ժամ 15 րոպե: Վարչապետին համապատասխան հանձնարարականը տալուց հետո սկսվել է կառավարություն կազմելու 45-օրյա գործընթացի հետհաշվարկը:
Հանձնարարականները ստանալուց հետո Դավութօղլուն, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտնել է, որ արդեն մեջլիսի կուսակցությունների ղեկավարներին են ներկայացվում դիմումներ հանդիպումների առնչությամբ:
Քանի որ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններում որևէ կուսակցության չի հաջողվել ստանալ ձայների բացարձակ մեծամասնությունը միակուսակցական կառավարություն կազմելու համար, նախագահի հանձնարարականից հետո 45 օրերի ընթացքում մեջլիս անցած կուսակցությունները պետք է գան համաձայնության կոալիցիոն կառավարություն կազմելու հարցի շուրջ: Եթե 45 օրվա ընթացքում կառավարություն չկազմվի, ապա երկրում կհրավիրվեն վաղաժամ խորհրդարանական ընտրություններ: