ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հավաստիացմամբ' հայկական Զինված ուժերն այսօր մարտական հերթապահություն են իրականացնում' պատրաստ լինելով նաև մարտական գործողություների, առաջին հերթին, պաշտպանողական և հակահարձակողական գործողությունների: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասպանի ժամանակ այս մասին հայտնեց նախարարը: «Պաշտպանողական և հակահարձակողական գործողություններին այսօր մեր դիրքերը լիարժեք պատրաստ են, միևնույն ժանանակ' կանխարգելելու հակառակորդի լայնածավալ մարտական գործողությունները»,- հայտեց Սեյրան Օհանյանը:
Նախարարի ներկայացմամբ' միայն ինժեներական կառույցների դիտարկման, նշանառման ու խոցման միջոցառումների միջոցով կարող ենք հակազդել ու կանխարգելել հակառակորդի գործողությունները: «Մեր սահմանային իրավիճակի յուրաքանչյուր հատվածի համար մենք ունենք ռազմավարություն և պահի համար մարտավարություն: Ինչ վերաբերում է կանխարգելմանն ու զսպմանը, դրանք զուտ մասնագիտական խնդիրներ են, որոնք իրենց մեջ պարունակում են գաղտնիություն, բայց ուզում եմ հավաստիացնել, որ պատասխանները շատ խիստ են լինում ու որոշ դեպքերում նաև կանխարգելիչ: Նախիջևանյան հատվածում մեր մարտավարությունն այսպիսին է' ամեն ինչ անել, որ լարվածության ևս մեկ օջախ չստեղծվի»,-ասաց նախարարը:
Նրա խոսքով' սահմաններում իրավիճակն այսօր կայուն-լարված է, ինչը նորություն չէ մեզ համար: «Հակառակորդի կողմից խախտումները նորություն չեն մեզ համար: Հասարակությունը պետք է հասկանա ու համակերպվի, որ մենք ունենք հակամարտության խնդիր և, քանի դեռ վերջնական լուծված չէ խաղաղության խնդիրը, մենք մեր հակառակորդի ռազմատենչ «եռանդը» պետք է լուծենք հակագործողությունների կամ կանխարգելիչ գործողությունների միջոցով»,-նշեց նախարարը:
Սեյրան Օհանյանի խոսքով' հայկական Զինված ուժերի, ինչպես և միջազգային կառույցների դիրքորոշումն այնպիսին է, որ հիմնահարցի լուծման համար վստահության մթնոլորտ ձևավորվի: «Վերջինի համար անհրաժեշտ է զերծ մնալ դիպուկահարների կրակոցներից, պահպանվի հրադադարի ռեժիմը, ինչպես նաև կանխվեն դիվերսիոն հետախուզական գործողությունները, և ամենակարևորը' միջազգային հետաքննություն անցկացվի, որի մասին ես խոսել եմ նաև Անջեյ Կասպրչիկի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Ցավոք սրտի, ֆինանսական խնդիրները, նյութատեխնիկական ապահովման, մասնագետների առկայության ու պահպանման խնդիրները, թույլ են տալիս համանախագահներին ասել, որ միջազգային հետաքննություն անցկացնելու իրենք պատրաստ չեն: Ես նույնիսկ ասում եմ' եկեք ստուգեք, եթե մենք ենք խախտել, պատրաստ ենք պատասխանատվություն կրել»,-հայտնեց ՊՆ նախարարը: