ԱԺ-ում Հովիկ Աբրահամյանը երեկ ասել է, որ 4 ոչ իշխանական ուժերի կողմից իշխանություններին ներկայացրած պահանջների մեջ իրենց համար կան ընդունելի կետեր, և մի մասը կբավարարվի։
«Ես դրան կանդրադառնամ անպայման։ Մասամբ, կան կետեր, որոնց հետ կարելի է համաձայնել։ Ինչ մնում է բավարարելուն, չեմ կարող ասել՝ կեսը, թե ինչքան կբավարարենք, գուցե կեսից ավելին բավարարենք, կմտածենք»,- ասել է նա։ Հարցին, թե մտավախություն չունի՞, որ պահանջները չբավարարելու դեպքում կպահանջեն իր հրաժարականը, Աբրահամյանն արձագանքել է. «Իրենց պետք է հարցնեք, իրենք են որոշում»։
Փաստորեն, ոչ միայն սեփական իշխանավարությունն է Հովիկ Աբրահամյանը կառուցում տունտունիկի սկզբունքով, այլև երկրի ներքաղաքական կյանքը: Շատ հուզիչ է, չէ՞, որ վարչապետը չի ասում, որ այն խնդիրները, որոնք ներառված են քառյակի պահանջագրում, հայտնի են Հայաստանում ցանկացած երրորդ դասարանցու, և այդ խնդիրները լուծելը կառավարության ամենօրյա խնդիրն ու սրբագույն պարտականությունն է: Ինչ որ շատ տարօրինակ ականջներ չե՞ն հետևում այդ կետերի հետևից:
Հավանաբար վարչապետն ու իր փիառշիկները հույսը դրել են հասարակության մանկամտության վրա: Որովհետև միակ հոդաբաշխ պատասխանը, որը պետք է տար իշխանությունը քառյակի պահանջներին, այն պետք է լիներ, որ ընդդիմությունը դպրոցական շարադրության փոխարեն պետք է խորքային խնդիրներ վեր հաներ, և որ ներկայացված կետերը վաղուց հայտնի են ու մի քանի մասնավոր խնդրի արտագրություն է ընդամենը:
Եվ ընդհանրապես, պահանջագրի մի մասը ուղղակի կետեր լրացնելու համար սովորական շարադրանք է, մի մասը մասնավոր խնդիրների ժողովածու: Քաղաքական ուժերի պահանջագրերում նվազագույնի է հասցված քաղաքական բաղադրիչը, ինչը բացառում է իշխանափոխության հնարավորությունը այս ֆորմատով:
Ստացվում է, որ այս կետերը գրված են՝ իրականացվելու համար: Ճիշտ է, ինտրիգը պահելու համար Հովիկ Աբրահամյանը մի քանի ջրիկ կետերի իրականացումը կբացառի, որին աշնանային «սրացումների» ժամանակ կհետևեն ևս մի քանի անիմաստ շարադրանքներ, բայց այն, որ այս ամբողջ «հոպ-զիլինան» խնամիական հայտնի դուետի նախագծած պարզունակ խաղն է՝ կասկած չի հարուցում: Ակնհայտ է, որ պահանջագրերում լուրջ, համակարգային խնդիրներ ներառված չեն, և որ պահանջագրի իրականացման հետագա գործընթացները աբրահամյանական կերպարի ռելիեֆը հարթեցնելուն միտված մանկական թոթովանքներ են լինելու: Իսկ այն, որ քառյակի փորձառու գործիչները կարող էին լուրջ, պատկառելի ծրագիր գրել և ժողովրդական համախմբման միջոցով փորձել հասնել դրանց իրականացմանը՝ անկասկած է:
Այժմ կստեղծվի ընդդիմությանը ընդառաջ գնացող վարչապետի վսեմ կերպարը, ինչը, թերևս, ապագա նախագահական մրցավազքում Աբրահամյանի գոյության արդարացումը կլինի:
Փաստորեն Հովիկ Աբրահամյանը, հաջողությամբ հող մշակելուց հետո, հիմա էլ ընդդիմադիր անդաստաններն է մշակում: Դատելով էնտուզիազմից և աշխատասիրությունից՝ երկու դեպքում էլ եկամտաբերության պակաս չկա...
Ինչ արած, մարդը գիտի անմշակ հողից ու անմշակ ընդդիմությունից փող քամելու արվեստը...
Վարուժան Բաբաջանյան