Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն Ուկրաինային ակնարկել է, որ առանց Ռուսաստանի հետ բարեկամության հաստատման, չարժե լավ հարաբերություններ ակնկալել Եվրամիության հետ: Այդ մասին հայտնում է «Deutsche Welle»-ը, Մերկելը հայտարարել է դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ կայացած ավանդական ընդունելությանը:

 

Կանցլերը նշել է, որ Եվրոպան հանդես է գալիս Ռուսաստանի հետ երկխոսության օգտին: Նրա խոսքով՝ Ուկրաինայի, Մոլդովայի ու Վրաստանի հետ «Արևելյան գործընկերության» ծրագիրը միանշանակ ուղղված չէ Ռուսաստանի դեմ: «Եվրամիության հետ լավ հարաբերությունների կառուցումը լավ հարաբերություններ է ենթադրում Ռուսաստանի հետ»,- ասել է ԳՖՀ-ի կանցլերը:

 

Նա նաև ընդգծել է, որ բարեփոխումներ իրականացնելու համար Ուկրաինային անհրաժեշտ է հասնել հրադադարի: «Մենք բոլորս ցանկանում ենք, որ հրաձգությունը դադարեցվի: Միայն դրանից հետո Ուկրաինայի նորընտիր նախագահը կկարողանա կենտրոնանալ անհրաժեշտ բարեփոխումներ անցկացնելու վրա»,- ասել է Մերկելն' իր աջակցությունը խոստանալով այդ «հերկուլեսյան աշխատանքում», հաղորդել է «Ուկրինֆորմը»: