Panorama.am.am-ը փորձեց պարզել, թե ի՞նչ տրամադրություն է տիրում Հայաստանի Կոմունիստական կուսակցությունում նախագահական ընտրությունների նախաշեմին և ինչու իրեն լուրջ քաղաքական ուժ համարող կոմունիստները որոշում կայացրեցին ո'չ մասնակցել ընտրություններին, ո'չ էլ սատարել թեկնածուներից որևէ մեկին: Մեր զրուցակիցն է ՀԿԿ քարտուղար Ռուբեն Թովմասյանը:

-Պարոն Թովմասյան, կպարզաբանե՞ք Ձեր դիրքորոշումը:

-ԿԿ-ի դեկտեմբերի 29-ին կենտրոնական կոմիտեի պլենումի որոշմամբ առաջիկա նախագահական ընտրություններին թեկնածու չենք առաջադրելու, համարելով, որ անցած 22 տարիների ընթացքում երկրում որևէ նորմալ ընտրություններ չեն եղել, դրանք կայացել են միայն ահաբեկելու և այլ ճանապարհով: Իսկ գնալով երկրի վիճակը ծանրանում է, աղքատությունը հասել է 13 տոկոսի, գործազրկությունը չափ ու սահման չունի, արտագաղթն էլ երկիրը դատարկում է: Եվ այսօր խոսել ինչ-որ նախագահական ընտրությունների մասին ավելորդ է:

Բացի այս, Հայաստանի կոմկուսը որոշեց նաև չսատարել որևէ թեկնածուի, որովհետև որևէ թեկնածու չի կարող Հայաստանը դուրս բերել ստեղծված իրավիճակից: Դա կարող է անել միայն ու միայն կոմկուսը, Հայաստանը ստեղծված իրավիճակից կարող է դուրս բերել սոցիալիստական գաղափարախոսությունը, որի գլխավոր խնդիրը մարդկանց բարեկեցությունն է, մարդկանց աշխատատեղերով ապահովելը, կրթությունն ու առողջապահությունը անվճար դարձնելը և այլն: Մենք գտնում ենք, որ այս ամենը 22 տարիներին չի արվել և այսօրվա վիճակով պայքար մղել նորից չորս-հինգ լիբերալ գաղափարախոսությամբ թեկնածուների դեմ գտնում ենք ոչ նպատակահարմար:

-Բայց եթե Կոմկուսը իսկապես մտածում է այն ամենի մասին, ինչը թվարկեցիք, այդ չորս-հինգ լիբերալ թեկնածուները Ձեզ չպետք է կանգնեցնեին: Ի վերջո, պայքարել է պետք և փորձել ուժերը:

-Մենք մեր ուժերը փորձեցինք Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ և տեսանք, թե ինչ ունեցանք' ոչ թե Ազգային, այլ ազգակցական ժողով: Դրա համար էլ այդ խայտառակություններին մենք չենք ուզում մասնակցել, որովհետև կրկնում եմ' մենք չէինք

կարող դոլարային պայքար մղել: Մեզ համար շատ ծանր էր նույնիսկ ընտրագրավը մուծել, մինչդեռ մենք համոզված ենք, որ ընտրակաշառքով առնելու են նորից բոլոր ընտրողներին, որոնք գտնվում են ծայրահեղ թշվառության մեջ և պատրաստ են այդ երկու կոպեկին, ինչ է փրկեն երեխային սովից, մյուսի կրթության հարցերը լուծեն և այլն: Էլ չեմ ասում առողջապահության խնդիրները, մարդ մի ատամը չի կարող հեռացնի, հենց մոտենում է' նայում են գրպանին կամ դեղատների սարսափ գները տեսեք, թոշակառուն ո՞նց կարող է հինգ հազար դրամ տա, որպեսզի աչքի կաթիլ առնի: Որտեղից տա՞:

-Պարոն Թովմասյան, Ձեր հարցազրույցներում միշտ ասում եք' պետք է փոխել համակարգը և դրա հիմնական դերակատարը կլինեն կոմունիստները: Հիմա էլ կրկնեցիք, բայց անհասկանալի է' ինչպե՞ս պետք է փոխվի, եթե պասիվ եք:

-Ասեմ ինչպես: Հիմա շատերը ինձ հարցնում են, թե այս ընտրություններին չմասնակցելուց հետո ինչո՞վ է զբաղվելու կոմկուսը: Ես գիտեմ մի բան, որ երբեք այս տարիների ընթացքում ընտրությունների միջոցով համակարգ չի փոխվել, այն կարող է փոխվել միայն ու միայն ուժի ու բռունցքների միջոցով: Եվ մենք զբաղվելու ենք, որպեսզի մինչև մյուս նախագահական ընտրություններ դաստիարակենք բանվորներին ու երիտասարդությանը ռևոլյուցիոն ոգով ու հայացքներով, որպեսզի նրանք հասկանան, որ միայն ուժը կարող է փոխել: Մեր գլխավոր խնդիրը ռևոլյուցիոն ոգով բանվորություն ու երիտասարդություն դաստիարակելն է' միայն դա կտանի երկրի համակարգը փոխելուն:

-Բայց 2008թ-ի ընտրություններից հետո մենք արդեն ականատես եղանք ռևոլյուցիոն դրսևորումներին, որը բացի զոհերից ուրիշ ոչ մի բան չտվեց: Դուք ի՞նչ է, երկրորդ մարտի 1-ն եք ուզո՞ւմ:

-Իսկ ո՞վ է ասում, որ երկրորդ մարտի 1-ն ենք ուզում: Հենց դրանով ջարդեցին ժողովրդի բոլոր հայացքները: Թող գնա Լևոն Տեր-Պետրոսյանը մտածի' Հայ ազգային կատակերգության ղեկավարը, որ տարավ մարդկանց մինչև մարտի 1, հիմա էլ գնաց, թե' 68 տարեկան եմ, ընտրություններին չեմ մասնակցում: Ներողություն եմ խնդրում, բայց մի ասացվածք կա' «վատ պարողին ինչ-որ բան խանգարում է»: Շատ երկրներում 90 տարեկան ղեկավարներ էլ կան, է հետո՞:

Այ այսպես է իրեն պահում ընդդիմություն հռչակածը, որ ընդդիմություն-ընդդիմություն խաղացին ու այդքան զոհ տվեցին, բանտերը լցրեցին, այդքան էլ մարդ փախավ երկրից, ինքն էլ գնացել սովետի կառուցած դղյակը երկու անձով զբաղեցրել ապրում ա:

-Այդուհանդերձ միայն ուժո՞վ:

-Այո, ուրիշ ճանապարհ չկա և աշխարհի պատմությունն է դա ցույց տալիս: Ընտրությունների միջոցով երբեք համակարգ չի փոխվել. կարող է իշխանություն փոխվի, ղեկավար փոխվի, բայց ոչ համակարգ:

-Ինչ եք կարծում, հանրությունը Ձեզ ընդդիմություն համարո՞ւմ է:

-Չգիտեմ հանրությունն ինչպես է մտածում, բայց ամեն քայլափոխին ինձ ասում են' կեցցե'ք, սոցիալիստական գաղափարախոսությունը հայ ժողովրդի հազարամյակների պատմության մեջ ապրեցրել է այնպես, ինչպես պետք է ապրեր հայը: Ես գիտեմ, որ ամբողջ ազգը տրամադրված է դեպի սոցիալիստական գաղափարախոսությունը....

-Բայց այդուհանդերձ Ձեր հասցեին միշտ քննադատություն է հնչում, որ Դուք քնացրեցիք այդ գաղափարախոսությունը:

-Գիտեք ի՞նչ... գեղ կա՞, որ շուն չլինի: Է ինչ ուզում է ասեն:

Ի դեպ, ասեկոսեներն ու բամբասանքները դեռ քննադատություն չեն: Քննադատությունը պետք է լինի ազնիվ, մաքուր ձեռքերում և օգտագործվի ազնիվ նպատակներով: Ինչ-որ մարդիկ, որ ուզում են քննադատեն, ուրիշի մարմնի վրայի բծերը ցույց տալուց գոնե ձեռքերը լվանան, որ մաքուր լինի: