Հռոմի Ֆրանցիսկոս պապը ուղերձ է հղել ֆուտբոլի աշխարհի առաջնության առթիվ, որը մեկնարկել է Բրազիլիայում: Տեսաուղերձում, որը հաղորդվել է բրազիլական հեռուստատեսության Rete Globo ալիքով, քահանայապետը մաղթել է, որ «Աշխարհի այս առաջնությունն անցնի խաղաղության ու հանգստության, փոխադարձ հարգանքի, իրենց միասնական ընտանիքի անդամներ համարող մարդկանց համերաշխության և եղբայրության ոգով»:
Հռոմի պապը հուսով է, որ ԱՔշխարհի առաջնությունը «լինելով սպորտի տոն, կկարողանա վերածվել ժողովուրդների միջև համերաշխության փառատոնի»: «Սպորտն այն արժեքների փոխանցման գործիքն է, որոնք նպաստում են մարդկային անհատականության բարօրությանը և օգնում կառուցելու ավելի հաշտ ու եղբայրական հասարակություն: Խորհրդածենք ազնվության, համառության, բարեկամության, աջակցության ու համերաշխության մասին»,- հովվապետի խոսքը մեջբերել է Վատիկանի ռադիոն, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: