Տարեցտարի ավելացող արյան դոնորների թիվը հուշում է, որ հասարկության շրջանում արմատավորվում է դոնոր դառնալու և այլոց կյանքը փրկելու ավանդույթը: Այս մասին արյան դոնորի միջազգային օրվա կապակցությամբ անցկացվող կոնֆերանսի ժամանակ ասաց Ռ. Օ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն, Հայաստանի գլխավոր արյունաբան Սմբատ Դաղբաշյանը: Նրա խոսքով' «հին» դոնորների կողքին այսօր ավելանում են նորերը:

 

«Մենք արդեն իսկ բավական առաջընթաց ունենք' հասարակական դաշտը մեկ գաղափարի շուրջ միավորելու առումով: Վերջին մի քանի տարիների ընթացքում շատ երիտասարդներ տարբեր բուհերից, հասարակական կազմակերպություններից, գերատեսչական մարմիններից համալրել են մեր դոնորների շարքերը: Այս ակտիվությունն ինձ հուշում է, որ դոնորության գիտակցությունն արդեն սերմանվում է մեր հասարակության մեջ»,-ասաց Դաղբաշյանը:

 

Նա նշեց, որ այս տարի համաշխարհային դոնորի օրվա կապակցությամբ ընտրված խորագիրն է «Նվիրիր արուն կյանք պարգևողներին»: «Կյանք պարգևողները մեր մայրերն են, որոնցից շատերն այսօր ունեն արյան փոխներարկման կարիք: Գինեկոլոգիական պրակտիկայում դոնորական արյունն օդի և ջրի նման անհրաժեշտ է բուժօգնությունը կազմակերպելու համար»,-ասաց Դաղբաշյանը:

 

Արյունաբանական կենտրոնի արյան ծառայության գծով փոխտնօրեն Մարինա Քամալյանը տեղեկացրեց, որ մի շարք հիվանդանցներում արդեն իսկ կան արյան կայաններ և սառնարաններ, որ անհրաժեշտ են դոնորական արյան պահպանման հանար: «Վերջին 6-7 տարվա ընթացքում մենք ունենք շատ նվաճումներ: Արյունաբանական կենտրոնում ստեղծվել է եզակի արյան բանկ, որն այսօր հագեցած է նորագույն սարքավորումներով: Շատ շուտով արդեն իսկ կկարողանանք անել ցողունային բջիջերով պատվաստումներ: Աշխատանքներ են տարվում արյան դոնորների ռեեստրի ստեղծման ուղղությամբ»,-ասաց նա:

 

«Հայաստանյան 25 ակումբ» հասարակական կազմակերպությունը, որը զբաղվում է անվարձահատույց դոնորության աջակցությամբ, այս տարի ևս անցկացրել է դոնորական արյան հանձման միջոցառումներ: Ակումբի տնօրեն Մարթա Սիմոնյանի խոսքով, որպեսզի երկիրը չունենա արյան պակաս, բնակչության 2-4 տոկոսը պետք է անվարձահատույց դոնոր լինի: «Հայաստանում վերջին 5 տարիների ընթացքում դոնոների թիվն ավելացել է: Ներկայումս յուրաքանչյուր 1000 մարդուց 3-ը դոնոր են: Սակայն այդ թիվը դեռևս շատ փոքր է: Եթե մենք ուզում ենք մեր կյանքի ընթացքում փրկել 1000 կյանք, մեզ հարկավոր է 18 տարեկանից սկսած 48 տարա արյուն հանձնել: Դա այնքան էլ մեծ թիվ չէ, 1000 մարդու կյանք փրկելու համար»,-նշեց նա:

 

Հունիսի 14-ը արյան դոնորի համաշխարհային օրն է: Այն հաստատվել է 2005թ. Ժնևում, Առողջապահության համաշխարհային ասամբլեայի սեսիայում, ի պատիվ 1868թ. այդ օրը ծնված ավստրիացի բժիշկ Կարլ Լանդշտեյների, ով մարդու արյան խմբերի հայտնաբերման համար 1930թ. արժանացել է Նոբելյան մրցանակ: Եթե 2000-2001թթ. տարեկան իրականացվում էր մոտ 6000-7000 արյունատվություն, ապա 2013թ. կատարվել է մոտ 13 000: Ըստ ԱՀԿ-ի տվյալների, որպեսզի երկիրն ամբողջովին ապահովված լինի արյան բաղադրամասերով և պատրաստուկներով, երկրի 1000 բնակչից 40-ը պետք է դոնոր լինի: Հայաստանում ներկայումս 1000 բնակչ ից դոնոր են 3-ը: Սա նշանակում է, որ ցանկալի ցուցանիշին հասնելու համար դեռ շատ անելիքներ կան: