Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հավաստիացնում է, որ Դալմայի այգիների վրա ոչ մի կառույց չի լինելու: Այս մասին հայտնեց քաղաքապետը լրագրողների հետ զրույցում Լենինգրադյան փողոցը Ծովակալ Իսակովի պողոտային կապող մայրուղու բացման ժամանակ: «Դա անթույլատրելի է: Որպես Երևանի քաղաքապետ և երևանցի' ես անձամբ թույլ չեմ տալու Դալմայում շինարարություն»,- ասաց Տարոն Մարգարյանը:

 

Կառուցապատման նպատակներ կան, բայց դա վերաբերում է նորակառույց ճանապարհի ու Աթենքի փողոցի մոտ ընկած 50 հեկտար տարածքին, որը Երևանի գլխավոր հատակագծով է նախատեսված որպես կառուցապատման գոտի: «Առաջիկայում սեփականատերերի հետ պետք է մշակենք այն քաղաքաշինական ծրագիրը, որի հիման վրա պետք է կառուցենք տարածքը և ունենանք նոր թաղամաս»,-ասաց Տարոն Մարգարյանը: Նրա խոսքով' Լենինգրադյանն Իսակովին կապող մայրուղու 4 կիլոմետրանոց կոյուղագիծն էլ ծառայելու է հարակից տարածքում կառուցապատվելիք թաղամասին: