Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Աֆրիկյանների շենքի պահպանությունը դարձել է հասարակական հնչեղության հարց: Շենքի' իր տեղում պահպանման համար մի խումբ ակտիվիստներ հավաստիացնում են, որ ամեն ինչ կանեն ապամոնտաժումն արգելելու համար: Այս նպատակով ակտիվիստներն անգամ նամակ են գրել վարչապետ Հովիկ Աբրահամյանին և ծանուցող գրություններ են տարածում համացանցում' ավելի շատ մարդկանց ներգրավելով շենքի պահպանման գործում: Ինչո՞ւ է որոշում կայացվել քանդել պատմական հուշարձանն ու ապամոնտաժումից հետո ո՞րն է լինելու Աֆրիկյանների շենքի ճակատագիրը:
Հարցերի պատասխանը «Արմենպրես»-ը փորձել է ստանալ պատասխանատուներից: Աֆրիկյանների շենքի ապամոնտաժման հետ կապված Երևանի քաղաքապետարանի պաշտոնական տեսակետը հետևյալն է. «Շենքն ընդգրկված է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում' որպես հանրապետական նշանակության հուշարձան, միևնույն ժամանակ տարածքը կառավարությունը ճանաչել է հանրային գերակա շահ և վաճառել մասնավորին: Վաճառքից հետո հուշարձան-շինության քարերը համարակալվել են և ապամոնտաժումից հետո շենքն իր տեղն է գտնելու Հին Երևան նախագծում»:
Երևանի քաղաքապետարանից հավաստիացնում են, որ շենքին վտանգ չի սպառնում, իսկ տեղափոխումը կկատարվի ամենայն վարպետությամբ: Քաղաքապետարանից հիշեցնում են, որ տարիներ առաջ Ազատության հրապարակում ավտոկայանատեղի կառուցելու համար էլ երկու պատմական հուշարձաններ ապամոնտաժեցին և շինարարական աշխատանքների ավարտից հետո կրկին տեղադրեցին. այդ ժամանակ ո′չ հասարակական մտահոգություն հնչեց, ո′չ էլ արձանների տեղադրումից հետո լսվեց քննադատություն կատարված աշխատանքների վերաբերյալ:
«Հին Երևան» նախագծի հեղինակ Լևոն Վարդանյանն էլ հավաստիացնում է, որ հասարակության մտահոգությունն անիմաստ է. Աֆրիկյանների շենքը կպահպանի իր տեսքը, ապամոնտաժումից հետո չի կորցնի պատմամշակութային արժեքն ու իր ուրույն տեղը կգտնի «Հին Երևան» նախագծում: Նախնական տվյալներով' պայմանականորեն հայտնի է անգամ Աֆրիկյանների շենքի նոր հասցեն' Արամի 19: «Հուշարձանների տեղափոխումը շատ վատ և բացասական գործողություն է, սակայն ծայրահեղ դեպքերում իրականանալի»,- ասում է Վարդանյանն ու հավաստիացնում, որ նման նախադեպեր արդեն գրանցվել են:
«Տերյան 11 հասցեում գտնվող կառույցն Աֆրիկյանների եկամտաբեր շենքն է, այն բազմաբնակարան շենք էր, որը չի եղել ակումբ կամ մտավորականների հավաքատեղի: Ճարտարապետական առումով շատ մեծ արժեք ունի, սակայն քաղաքաշինական առումով հայտնվել է օտար միջավայրում' չորս կողմում բարձրահարկ շենքեր են: Նաև շենքը գտնվում է փողոցի մի հատվածում և դուրս է Հին Երևան նախագծից, քանի որ Տերյան փողոցի վրա է, որը «Հին Երևան» նախագծի տարածք չէ: Մինչդեռ ապամոնտաժումից հետո այն կհայտնվի իրեն հարազատ միջավայրում և կդառնա նախագծի գոհարներից մեկը»,- վստահ է նախագծի հեղինակը:
Վարդանյանի հավաստիացմամբ' փորձաքննություն է անցկացվել, մշակվել է նախագիծ, որը համաձայնեցվել է Մշակույթի նախարարության և քաղաքապետարանի հետ: Ապամոնտաժումից հետո քարերը կպահպանվեն Սեբաստիա 30 հասցեում, մինչ նախագծի կառուցման մեկնարկը:
«Հին Երևան» նախագծի մտահղացումը ծնվել է 2005թ.: Այդ ժամանակ Երևանում արդեն ապամոնտաժված էր 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի ճարտարապետությանը պատկանող 12 շենք և քանի որ Արամ-Բյուզանդ փողոցի հատվածում կային նմանատիպ 14 հուշարձան-շենքներ, Լևոն Վարդանյանը ճարտարապետական տեսանկյունից տրամաբանական և համահունչ գտավ մնացած 12 շենքերն էլ տեղադրել այդ հատվածում և ստեղծել յուրահատուկ համալիր: Այս կերպ, ըստ նախագծի հեղինակների, կփրկվեն նաև ապամոնտաժված շենքերն ու սերունդներին կժառանգեն Հին Երևանից մի պատկեր: Ամենայն հավանականությամբ «Հին Երևան» նախագծի շինարարական աշխատանքները կսկսվեն այս տարի. այն ունի 320մ երկարություն և 60մ լայնություն' վերգետնյա 3 և ստորգետնյա 2 հարկեր: Նախագծի հաստատման ժամանակ տարածքը բաժանվել է լոտտերի, կատարվել աճուրդ և այժմ մասնավոր ներդրողների գումարներով պետք է իրականացվի նախագծի կառուցումը:
Շենքի' իր տեղում պահպանման դիրքերից հանդես եկող ակտիվիստները պնդում են, որ անկախությունից ի վեր Երևանում հին շենքերի ջարդ է ընթանում և այսօր ավելի քան երկու հազարամյա Երևանում դժվար է անգամ հարյուրամյա շենք գտնել: Այս համատեքստում 130-ամյա Աֆրիկյանների շենքի պահպանման ցանկությունն ու նրա ապամոնտաժման հետ կապված աղմուկն ու մտահոգությունը բնական է: Ի վերջո, ամեն քանդված պատմական շենքից հետո խեղաթյուրվում է մայրաքաղաքի տեսքն ու պատմական հին շենքերին գալիս են փոխելու երկնաքերերն ու Երևանը կորցնում է իր երբեմնի գեղեցկությունը:
Հասմիկ Հարությունյան
Լուսանկարները` Արևիկ Գրիգորյանի