Թուրքիայի «Հանրապետության կանանց միություն» կառույցի նախաձեռնությամբ Իզմիր նահանգի Բուջա քաղաքում տեղի է ունեցել հասարակական կազմակերպությունների եւ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական (ԺՀԿ) ու «Աշխատավորական» կուսակցությունների ներկայացուցիչների հավաքը, որի անդամները որոշել են միավորվել եւ միասնաբար պայքարել Հայոց ցեղասպանության իրողության դեմ, ինչը նրանք «կեղծիք» են անվանել: Այս մասին հայտնում է ulusalkanal.com լրատվական կայքը:

 

Թուրք հանրապետական կանանց միության առաջնորդ Ջանան Արըթմանը հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «իմպերիալիստական ստի դեմ պայքարել' նշանակում է պաշտպանել հայրենիքը»:

 

Արըթմանն իր խոսքում անդրադարձել է «Աշխատավորական կուսակցության» առաջնորդ Դողու Փերինչեքի նկատմամբ Մարդու իրավունքների դատարանի ընդունած վճիռը, որով արդարացվում էր նրա կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը' հավասարեցվելով անհատի խոսքի ազատության իրավունքին: Արըթմանը ՄԻԵԴ որոշումը ներկայացրել է այնպես, իբրեւ եվրոպական դատարանը հերքում է Հայոց ցեղասպանության փաստը:

 

Շվեյցարիայի կառավարությունը բողոքարկել է ՄԻԵԴ որոշումը: Ենթադրվում է, որ ՄԻԵԴ գլխավոր խորհուրդը բողոքը կքննարկի մինչեւ այս տարեվերջ: