Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Ժողովրդավարական շարժում-Միասնական Վրաստան» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն այն կարծիքին է, որ հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները դարձան «Միասնական ազգային շարժում» նախկին իշխող կուսակցության հաջողության վկայությունը, քանի որ նրա վարկանիշի աճ արձանագրեցին, տեղեկացնում է «Նովոստի Գրուզի ա»-ն:
«Վրացական երազանք»-ի փոխարեն ես մտածմունքի մեջ կընկնեի, քանի որ նրա վարկանիշը զգալիորեն ընկել է նախորդ ընտրությունների համեմատությամբ, իսկ Ազգային շարժումը, կարեւոր չէ ինչ ճանապարհով, բայց աճ է արձանագրում»,- հայտարարել է Բուրջանաձեն:
«Այդ ընտրություններն իրականում շահել է Ազգային շարժումը»,- հավելել է նա:
Հունիսի 15-ին Վրաստանում տեղի են ունեցել շրջանային ու քաղաքային խորհուրդների (սակրեբուլո) ընտրությունները, ինչպես նաեւ 59 շրջանային վարչակազմերի ղեկավարների ուղղակի ընտրությունները: Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ ուղղակի քվեարկության ճանապարհով ընտրվել են ոչ միայն Թբիլիսիի քաղաքագլուխը, այլեւ Վրաստանի 11 ինքնակառավարվող քաղաքների ղեկավարները: