ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սենատի կրթական հարցերով հանձնաժողովը միաձայն կողմ է քվերակել Հայոց ցեղասպանության պատմությունը նահանգի կրթական ծրագրում ներառող AB 1915 բանաձևին: Այն ներկայացվել էր Ադրին Նազարյանի կողմից և նախատեսում է 7-12-րդ դասարանների «Հասարակագիտություն» առարկայի ծրագրում ներառել Հայոց ցեղասպանություն պատմությունը: Ինչպես հաղորդում է «Ասպարեզ» պարբերականը, AB 1915 բանաձևն այժմ կքննարկվի Սենատի Հատկացումների հանձնաժողովում, որի կողմից հաստատվելու դեպքում կանցնի Սենատի ընդհանուր ժողով:

 

Բանաձևն անցել է երկար ուղի. նախ ապրիլի սկզբին Կալիֆորնիայի նահանգային ժողովի Կրթական հարցերով հանձնաժողովը միաձայն հաստատեց AB 1915 բանաձևը, ապա այն ստացավ Հատկացումների հանձնաժողովների հավանությունը, որից հետո, դրվելով Կալիֆորնիայի նահանգի ընդհանուր ժողովի քննարկմանը, մայիսի 28-ին 77 կողմ և 0 դեմ ձայների ապշեցուցիչ հարաբերակցությամբ անցավ միաձայն: Այն առաջարկում է Կրթության դեպարտամենտին հրապարակումներ լույս ընծայել 1915 թվականի կոտորածների մասին, այդ մասին տեղեկություններ ներառել ուսումնական նյութերում: