Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքի միջոցների հաշվին կառուցվել է ներքին ջրատարի ցանց 800 մետր հատվածում: Այս ծրագիրը կյանքի կոչելու համար համայնքի բյուջեից ներդրվել է 6 միլիոն 100 հազար դրամ: Աշխատանքներն իրականացվել են «Մոսե» ՍՊԸ-ի կողմից, եւ ավարտին են հասցվել մեկ ամսվա ընթացքում: Ներքին ջրատարի 800 մետր եր կարություն ունեցող ցանցը կառուցվել է Լիճքի բնակելի նոր թաղամասում, որը մինչ այդ խմելու ջրի ներքին ցանց չի ունեցել:
Կատարված աշխատանքների արդյունքում լուծվեց շուրջ 100 ընտանիքի շուրջօրյա ջրամատակարարման խնդիրը:
Լիճք համայնքի ջրատարի ներքին ցանցի երկարությունը հասնում է 22 կիլոմետրի, որից 8 կիլոմետրը մի քանի տարվա մեջ արդեն փոխվել ու նորացվել է, իսկ մնացածը' շատ հին է ու փտած: Համայնքի արտաքին ջրագծերի երկարությունը կազմում է 18 կիլոմետր:
Գյուղում լուծված է նաեւ ոռոգման ջրի խնդիրը: Այս պահի դրությամբ' կատարվում են սարից իջնող առուների մաքրման աշխատանքներ: Գյուղն ունի մոտ 700 հեկտար ոռոգելի հողատարածք:
Այս տարի գյուղում կատարվել է 180 հեկտար գարնանացան հացաբույսերի, 240 հա կարտոֆիլի, 5-6 հա կաղամբի ցանք:120 հեկտար զբաղեցնում են աշնանացան ցորենի ցանքերը:
Համայնքի տեղական միջոցներից այս տարի 3 միլիոն 400 հազար դրամի հատկացում է կատարվել փոսային նորոգումների եւ 4 միլիոն դրամ' գյուղապետարանի շենքի վերանորոգման համար: Շինարարական աշխատանքներն իրականացվում են «Աշոտ Դավթյան» ՍՊԸ-ի կողմից. փոխվել են դռներն ու պատուհանները, ինչպես նաեւ' նորացվել է տանիքը: Երկհարկանի շենքի երկրորդ հարկը վերանորոգվել էր 2013 թվականին, իսկ առաջին հարկի նորոգման աշխատանքները կավարտվեն հաջորդ ամսվա առաջին տասնօրյակում:
Խոսրով Խլղաթյան