Գեղարքունիքի մարզի Ակունք, Ազատ, Աղբերք, Ներքին Շորժա, Գեղհովիտ և Ծովասար համայնքներում հունիսի 7-ին կայացան համայնքի ղեկավարի ընտրություններ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 23 և 24 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից, նախնական տվյալներով, առավել ծանր պայքար է ընթացել Ակունք գյուղում, որտեղ համայնքի ղեկավարի պաշտոնի համար քվեարկվել է 4 թեկնածու, և գործող գյուղապետ Արծրուն Ղարիբյանը իրեն հետապնդող մրցակիցներից մեկին հաղթել է 17, երկրորդին' 43 ձայնի առավելությամբ: 3064 ընտրողից Ակունքում քվեարկել է 1796 ընտրող, որից գործող գյուղապետ ՀՀԿ անդամ Արծրուն Ղարիբյանը շահել է 547, անկուսակցական Նորիկ Հայրապետյանը' 530, ԲՀԿ անդամ Ստեփան Ղազարյանը' 504 և անկուսակցական Ստյոպա Հովհաննիսյանը' 158 ձայն: Անվավեր է ճանաչվել 54 քվեաթերթիկ:
Լարված պայքար է ընթացել նաև Գեղհովիտում, որտեղ, սակայն, գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Վարդան Պողոսյանը ձայների մեծ առավելությամբ հաղթել է իր երկու մրցակիցներին: Գեղհովիտում քվեարկել է 2446 ընտրող, որոնցից 1476-ը ձայնը տվել է Վարդան Պողոսյանի օգտին: 678 ձայն շահել է ՀՅԴ անդամ Էդիկ Ասլանյանը, 455 ձայն' անկուսակցական Միքայել Նալբանդյանը:
Մրցակցություն է ծավալվել նաև Աղբերքում, որտեղ ՀՀԿ անդամ Վասիլ Աղասարյանը 161 ընտրողներից շահել է 99-ի ձայները: Անկուսակցական Անահիտ Ղալեչյանը շահել է 46, ՀՀԿ անդամ Կամո Պետրոսյանը' 3 ձայն:
Ազատում, Ներքին Շորժայում և Ծովասարում քվեարկվել են մեկական թեկնածուներ' ՀՀԿ անդամներ և գործող գյուղապետեր Սիմոն Սահակյանը, Էդիկ Մինասյանը և Արտաշես Մխիթարյանը, ովքեր ընտրության նախնական արդյունքներով վերընտրվել են իրենց պաշտոններում:
Այսպիսով, համայնքի ղեկավարի փոփոխություն տեղի է ունեցել միայն Աղբերք համայնքում, որտեղ նախկին գյուղապետ Արթուր Երիցյանը չէր առաջադրել իր թեկնածությունը: