Գեղարքունիքի մարզի Վանեւան համայնքում, որը հիմնականում վերաբնակեցված է Ադրբեջանից բռնագաղթած հայերով, բոլոր 108 տնտեսություններ արդեն ստիպված չեն լինի ամեն օր ձեռքով կամ գրաստներով որոշակի հեռավորության վրա գտնվող ծորակներից խմելու եւ կենցաղային նպատակներով օգտագործելու համար ջուր կրել:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վանեւանի գյուղապետ Նորայր Հարությունյանը, Վանեւանի գյուղապետարանի, «Ջանիշյան հիշատակի հիմնադրամի» եւ «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության համատեղ ներդրմամբ այստեղ կառուցվել է 1 կիլոմետր ընդհանուր երկարությամբ ներքին ցանց, որից արդեն օգտվում են գյուղի բոլոր ընտանիքները' իրենց բնակարաններում վերջապես ունենալով երկուսուկես տասնամյակից ավելի սպասված ջրի ծորակները եւ օրական 10 ժամ տեւողությամբ հոսող ջուրը:

 

1 միլիոն 250 հազար դրամ ներդրել է «Ջինիշյան հիշատակի հիմնադրամ»-ը, 350 մետր երկարության պոլիէթիլենային խողովակ' «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունը,680 հազար դրամ' Վանեւանի գյուղապետի անձնական միջոցներից: Վանեւանը խմելու ջուր ստանում է հարեւան Ծովակ գյուղի ջրատարի արտաքին ցանցից, որը միաժամանակ սնում է նաեւ մի քանի այլ գյուղական համայնքների, ուստի շուրջօրյա ջրամատակարման հարցը միայն այս ջրատարի օգնությամբ պարզապես անլուծելի է:

 

Համայնքի ղեկավարը խնդրի լուծումը գտել է գյուղի տարածքում ԽՍՀՄ տարիներին կառուցված, հետագայում թալանված եւ անուշադրության մատնված խորքային հորի վերագործարկման մեջ, որը գյուղին կարող է լրացուցիչ 35 լիտր/վայրկյան հոսքով ջուր ապահովել: Ծրագիրը կյանքի « կոչելու համար գյուղապետարանը գտել է համապատասխան միջոցներ.»Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպությունը ներդրելու է 30 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Ներդրման իր բաժինն է ունեցել նաեւ Վանեւանի գյուղապետարանը, որն արդեն ուղղվել է նախագծի պատվիրմանը:

 

Խորքային հորի վերակառուցման աշխատանքները կսկսվեն եկող շաբաթվանից եւ կավարտվեն օգոստոսի կեսերին: Սրանով Վանեւանում կլուծվի ոչ միայն շուրջօրյա ջրամատակարարման, այլ նաեւ ոռոգման խնդիրը: Խորքային հորի գործարկմամբ Վանեւանում ոռոգելի կդառնա 60 հեկտար տարածք:

Խոսրով Խլղաթյան