Վրաստանը Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու շանսեր չունի, քանի դեռ նրա տարածքում են գտնվում ռուսական զորքերը: Այդ մասին Թբիլիսիում կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Միավորված ընդիմություն» կոալիցիայի առաջնորդ Նինո Բուրջանաձեն:
«Վրաստանը ՆԱՏՕ-ին միանալու շանսեր չունի, քանի դեռ Վրաստանի տարածքում տեղակայված են ռուսական ռազմակայաններ: Չպետք է խաբել ժողովրդին»,- ասել է նա:
Բուրջանաձեի խոսքով՝ նրանք, ովքեր ասում են, թե Վրաստանն այսօր-վաղը պետք է դառնա դաշինքի անդամ, «գործնականում հաստատում են այն, որ Վրաստանը պետք է ՆԱՏՕ մտնի առանց Աբխազիայի եւ Ցխինվալի տարածաշրջանի»:
«Եթե հարկ լինի ընտրություն կատարել ՆԱՏՕ-ին անդամակցելու եւ Աբխազիայի ու Ցխինվալի տարածաշրջանի միջեւ, ես՝ որպես Վրաստանի քաղաքացի եւ որպես քաղաքական գործիչ, ընտրում եմ իմ հայրենիքի միասնությունը: Ես ընտրում եմ Աբխազիան եւ Ցխինվալի տարածաշրջանը: Դա իմ ամենագլխավոր գերակայությունն է»,- ասել է Բուջանաձեն:
Մայիսի սկզբին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն դեռեւս չի լուծել սեպտեմբերին կայանալիք գագաթնաժողովում Վրաստանին՝ դաշինքին անդամակցելու գործողությունների ծրագիր տրամադրելու հարցը, հաղորդել է «Նովոստի Գրուզիա»-ն: