Վրաստանը դեռեւս պատրաստ չէ լիարժեք անդամակցելու Հյուսիսատլանտյան դաշինքին, քանի որ անհրաժեշտ է ամրապնդել քաղաքական համակարգը եւ պաշտպանունակությունը: Այդ մասին հանրապետության պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան հայտարարել է հունիսի 25-ին Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսում:
«Վրաստանն այսօր պատրաստ չէ լիարժեք անդամակցելու ՆԱՏՕ-ին: Դրանում զարմանալի ոչինչ չկա: Այսօր Վրաստանը եւ ՆԱՏՕ-ն քննարկում են ՆԱՏՕ-ին ինտեգրացվելու ճանապարհի հաջորդ քայլը՝ դաշինքին անդամակցելու գործողությունների պլանը»,-ասել է Ալասանիան:
Նրա խոսքով՝ Վրաստանին մի քանի տարի կպահանջվի՝ ուժեղացնելու «քաղաքական համակարգը, անվտանգության միջոցները եւ պաշտպանունակությունը»:
Դրա հետ մեկտեղ Ալասանիան հայտարարել է Ուկրաինայի իրադարձությունների կապակցությամբ այդ գործընթացն արագացնելու անհրաժեշտության մասին:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը «Թվիթեր»-ի իր ակաունտում հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի դռները բաց են, եւ ոչ ոք չի կարողանա խանգարել արեւմտյան բլոկի ընդլայնմանը: «ՆԱՏՕ-ի դուռը բաց է մնում, եւ ոչ մի երրորդ ուժ չի կարողանա արգելք դնել դաշինքի ընդլայնման վրա»,-գրել է Ռասմուսենը:
Նա ասել է, թե Հյուսիսատլանտյան դաշինքը հնարավոր ամեն ինչ կանի, որպեսզի օգնի Վրաստանին՝ «մոտենալու» դաշինքին անդամագրվելուն:
Բացի այդ, Անդերս ֆոգ Ռասմուսենը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն կքննարկի Ուկրաինային երկարաժամկետ աջակցության միջոցառումների փաթեթը, մասնավորապես, նոր նպատակային հիմնադրամների ստեղծման ճանապարհով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրների արտաքին գործերի նախարարները դաշինքի՝ սեպտեմբերին Ուելսում կայանալիք գագաթնաժողովում չեն պաշտպանի ՆԱՏՕ-ին միանալու Վրաստանի եւ Չեռնոգորիայի ցանկությունը, հաղորդել է «Նովոստի Գրուզիա»-ն: