Վրաստանը եւ ՆԱՏՕ-ի երկրները կանցկացնեն համատեղ զորավարժություններ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 17-ին հայտարարել Է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան՝ ելույթ ունենալով վրացական «Իմեդի» հեռուստաընկերության եթերում:
«ՆԱՏՕ-ի մասնակից երկրները զորավարժություններ կանցկացնեն վրացիների հետ միասին, եւ դա եւս մեկ զսպող գործոն կլինի Ռուսաստանի գործողությունների կապակցությամբ»,-հայտարարել Է Ալասանիան՝ ընդսմին չճշտելով վարժանքների անցկացման ժամկետը:
Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաեւ մեկնաբանել Է ՌԴ ԱԳ նախարարության հայտարարությունը, որի համաձայն՝ Վրաստանում ի շահ ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի տեղաբաշխումը սպառնալիք կստեղծի Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունության համար:
«Ես հավանաբար ամենաանհաջողակ նախարարը կլինեի, եթե այսօր Ռուսաստանը գոհ լիներ Վրաստանի պաշտպանունակության ամրապնդումից: Բնականաբար, նրանք (ՌԴ-ի իշխանությունները) մեր հակառակորդներն են, եւ նրանց շահերից չի բխում, որ Վրաստանն այսչափ մոտեցել Է ՆԱՏՕ-ին եւ, ամբողջությամբ վերցված, եվրատլանտյան տարածքին»,-հայտարարել Է Ալասանիան հեռուստաեթերում:
ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության նոր փաթեթը, որը սեպտեմբերին ընդունվել Է դաշինքի՝ Ուելսում կայացած գագաթնաժողովում, նախատեսում Է Վրաստանում բացել վարժական կենտրոն, որտեղ պատրաստություն կանցնեն դաշինքի եւ ՆԱՏՕ-ի գործընկեր երկրների զինծառայողները, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն: