Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Միավորված ժողովրդավարական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն սադրիչներ ու ստախոսներ է համարում քաղաքական այն գործիչներին, ովքեր խոսում են Հյուսիսատլանտյան դաշինքին Վրաստանի անդամակցելու շանսերի մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

 

«Վրաստանը ՆԱՏՕ-ին անդամակցելու շանս չունի: Էլ ի՞նչ լեզվով նրանք պետք է դա ասեն: Անգլերենովասել են, ֆրանսերենով ասել են, գերմաներենով ասել են, եւ արդեն որքան ժամանակ է՝ ես այդ մասին ասում եմ վրացերենով: Քաղաքական գործիչները, ովքեր այսօր դարձյալ խոսում են դաշինքին անդամագրվելու Վրաստանի շանսի մասին, պարզապես սադրիչներ են ու ստախոսներ, որոնք փորձում են ինչ-որ կերպ միավորներ վաստակել իրենց արեւմտյան գործընկերների աչքում»,- ասել է Բուրջանաձեն: Ընդսմին նա նշել է, թե ոչ ոք չգիտի՝ ինչ տեղի կունենա 30 կամ 50 տարի հետո:

 

«Հետեւաբար մենք պետք է գործենք, ելնելով այն իրողությունից, որն այսօր առկա է երկրում: Օգոստոսյան ատերազմն արմատականորեն փոխեց իրադրությունը, եւ 2008 թվականից հետո դուք չեք կարող նշել որեւԷ լուրջ քաղաքական գործչի, ով խոսեր ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության մոտակա հեռանկարի մասին: Բոլորն էլ սահմանափակվում են ընդհանուր ֆրազներով այն մասին, որ Վրաստանը երբեւիցե կարող է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, եւ որ դաշինքի դռները բաց են Վրաստանի համար… Եթե մենք շարունակենք ապրել պատրանքներով, ապա կհայտնվենք էլ ավելի ծանր վիճակում»,- նշել է Բուրջանաձեն: