Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին «Խրոնիկայի» հետ կայացած հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ իր երկիրը ոչ թե ՆԱՏՕ-ին անդամակցելու գործողությունների ծրագիր է պահանջում, այլ անդամակցություն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

 

 

Նրա խոսքով՝ Գործողությունների ծրագիրը ոչ նպատակ է, ոչ էլ գլխավոր խնդիր: «Գլխավորն այն է, որ Վրաստանը կանգնի ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղու վրա: Դրա իրական հնարավորությունը կա»,- ասել է Խիդաշելին՝ նշելով, որ առանց Գործողությունների ծրագրի էլ Վրաստանը Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու մեծ հնարավորություն ունի:

 

 

Վրաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով գտնվում է Գերմանիայում: Նա արդեն հանդիպումներ է ունեցել ԳՖՀ-ի իր պաշտոնակցի և երկրի կառավարության ներկայացուցիչների հետ: Խիդաշելին կայացած հանդիպումները բնութագրել է որպես շատ դրական և հուսադրող: «Գերմանիան Վրաստանի բարեկամն է ու գործընկերը, որը պատրաստ է օգնել մեր երկրին ցանկացած խնդրի կարգավորման գործում»,- հայտարարել է Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը: