ԵԽԽՎ ամառային նստաշրջանում ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ելույթ է ունեցել մամուլում և մամուլի միջոցով բռնության տարածման թեմայով: Նաիրա Զոհրաբյանը փաստերով ներկայացրել է ադրբեջանական մամուլում հակահայության, ռասիզմի կոնկրետ օրինակներ՝ կոչ անելով ԵԽԽՎ-ին հստակ սանկցիաներ կիրառել Ադրբեջանի հանդեպ: Իր ելույթում Նաիրա Զոհրաբյանն ասել է.
«Վերջին շրջանում մեր Վեհաժողովը հաճախ է անդրադառնում զանգվածային լրատվամիջոցների խնդիրներին, և սա ողջունելի է: Այո, բռնությունը մամուլում և մամուլի միջոցով այսօր բավականին ակտուալ խնդիր է ԵԽ անդամ երկրներում, և մենք չենք կարող ձևացնել, թե անհանգստանալու լուրջ պատճառներ չկան: Հարգարժան զեկուցողը իրավացի է, որ վերջին տասնամյակում ԶԼՄ-ների դաշտը էականորեն փոխվել է ինտերնետի և առցանց լրատվամիջոցների հսկայական աճի շնորհիվ: Սակայն, դրան զուգահեռ աճել են նաև բացասական երևույթների ռիսկերը, որոնց թվում բռնության քարոզն է մամուլում և մամուլի միջոցով: Որպես կանխարգելիչ միջոց՝ զեկուցողը տեսնում է անդամ պետությունների կողմից հստակ և համակարգված պայքարը բռնության քարոզի դեմ: Սակայն, հարգելի գործընկերներ, ինչ անել այն դեպքերում, երբ ԵԽ անդամ պետությունն ինքն է հենց բռնության, ատելության, ռասիզմի ամենաակտիվ քարոզիչ: Ավելին, դատապարտվում և բանտեր են գցվում այն լրագրողները, մտավորականները, ովքեր համարձակվում են պայքարել բռնության ու ռասիզմի դեմ: Խոսեմ փաստերով՝ Ադրբեջանի օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովան հայտարարում է՝ «Ռամիլ Սաֆարովը հայրենասիրության օրինակ պետք է լինի ադրբեջանցի երիտասարդության համար», ու այս հայտարարությունը ադրբեջանական մամուլի առաջին էջերից չի իջնում: Մեկ այլ ադրբեջանցի գործիչ՝ Անար Մամեդխանովը հայտարարում է, որ ադրբեջանցիները հայերին պետք է սպանեն Ղարաբաղում, այլ ոչ թե այլ երկրներում, և սա դարձյալ ադրբեջանական լրատվամիջոցների թոփ նյուզն էր: Ադրբեջանի նախագահ Ալիևի յուրաքանչյուր ելույթ բռնության ու ռասիզմի կոչ է, և լրատվամիջոցը կամ լրագրողը, ով կհամարձակվի այլ կարծիք ունենալ, հայտնվում է բանտում: Ինձ անկեղծորեն ցնցեց 12-ամյա ադրբեջանուհու խոստովանությունը, որ ինքը որոշել է դիպուկահար դառնալ, որպեսզի սպանի հայերին:
Եվ զավեշտն այն է, որ Ադրբեջանը ԵԽ-ում իր նախագահության գերակայություններից է համարում ատելության դեմ պայքարը:
Մեր գործընկեր Ռոջեր Գեյլն իր այս զեկույցում շատ կարևոր արձանագրում է անում, որ պետք է երեխաներին զերծ պահել բռնության քարոզից: Մի քանի տարի է՝ ես դիմում եմ միջազգային տարբեր ատյաններ, այդ թվում նաև ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին, ուղարկելով հատվածներ ադրբեջանական դասագրքերից, ուր հակահայությունը հիմնական հենքն է, և զրո արձագանք:
Հարգելի գործընկերներ, մեր հիմնական գործը ոչ թե տարվա մեջ մի քանի անգամ հավաքվելն ու խոսելը պետք է լինի, այլ կոնկրետ խնդիրներին կոնկրետ լուծումներ տալը, որպեսզի այստեղ նստած ադրբեջանական պատվիրակության ղեկավարն իրեն իրավունք չվերապահի հայտարարելու, թե ԵԽ-ն կորցնում է իր ազդեցությունը և կարող է անհետանալ Եվրոպայի քաղաքական բեմից»,- նշել է Զոհրաբյանը: