Ռուսաստանում վաճառքի է հանվել iPhone՝ ոսկե պատվածքով, որի վրա պատկերված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիմանկարը և պետական օրհներգի տեքստը:
«Պուտիֆոնն», ինչպես անվանում են դրա ստեղծողները, արտադրվել է Իտալիայի Perla Penna ոսկերչական արվեստանոցում և տարածվում է Caviar առևտրանիշով, հաղորդել է TJournal հրատարակությունը՝ վկայակոչելով ընկերության մամուլի տեղեկագիրը:
Այդպիսի մեկ հեռախոսի արժեքը կկազմի 147 հազար ռուբլի (շուրջ 4,3 հազար դոլար): Ընդամենը վաճառքի կհանվի չորս iPhone 5S, որոնցից յուրաքանչյուրի վրա դրոշմված է իր հերթական համարը: Սմարթֆոնի կորպուսի հետին մասը պատված է 18 կարատ ոսկու շերտով, դրա վրա փորագրված է Վլադիմիր Պուտինի դիմանկարը և հատված Ռուսաստանի Դաշնության օրհներգից:
Ընկերությունում նշում են, որ բացառիկ հեռախոսը գնել ցանկացողների պակաս չկա: Պոտենցիալ գնորդների թվում են հայրենասեր պաշտոնյաներ և ընկերությունների բարձրաստիճան կառավարիչներ:
«Վլադիմիր Պուտինը դարձել է կամային որոշումների, պատվախնդրության, վստահության և դեպի առաջ հաստատուն շարժման մարմնավորում»,- ասված է Caviar-ի մամուլի տեղեկագրում: