ԱՄՆ-ում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանին հայտարարությամբ են դիմել ԱՄՆ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնեն եւ Աննա Էշյուն: Կոնգրեսական Փալոնեն նկատում է, որ դեսպան Մարգարյանն իր կյանքը նվիրել է Հայաստանի հասարակությանն ու ժողովրդին ծառայելուն: Վաշինգտոնում իր պաշտոնավարման ընթացքում նա հուժկու աջակցություն է ցուցաբերել Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւերի շրջանառության գործընթացին, ինչպես նաեւ Կոնգրեսի կողմից ինչպես ԼՂՀ-ին, այնպես էլ Հայաստանին օգնելու գործին: «Հպարտ եմ դեսպանի հետ աշխատելու համար: Ես դեսպան Մարգարյանին եւ նրա ընտանիքին ցանկանում եմ ամենայն բարիք, եւ հուսով եմ, որ ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ կարեւոր հարաբերությունները կշարունակվեն հաջորդ դեսպանի հետ՝ առաջիկա երկար տարիներին»,-ասել է կոնգրեսականը:

 

Կոնգրեսի հեղինակավոր անդամ Աննա Էշյուն ելույթ է ունեցել Ներկայացուցիչների պալատի ընդլայնված նիստում' նշելով. «Կցանկանայի այսօր արժանին մատուցել արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանին՝ վերջին ինը տարիներին որպես ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան պաշտոնավարման ընթացքում ցուցաբերած արտակարգ գործունեության և առաջնորդության համար: Դեսպան Մարգարյանը շուտով ավարտում է իր պաշտոնավարումը, և մենք նրան միշտ կհիշենք: Նրա նվիրվածությունը դիվանագետի կոչմանը և ավանդը հայ-ամերիկյան հարաբերություններում արժանի են մեր բարձր գնահատանքին: Դեսպան Մարգարյանն ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան է նշանակվել 2005թ.:

 

Վերջին ինը տարիների ընթացքում նրա ջանքերով և նրա առաջնորդությամբ մեծ զարգացում են ապրել հայ-ամերիկյան հարաբերությունները: Դեսպան Մարգարյանն ունի իր երկրին ծառայելու երկարամյա նշանակալի փորձ: Բացի ԱՄՆ-ում ՀՀ դեսպան լինելուց, դեսպան Մարգարյանը Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է նաև Ամերիկյան պետությունների կազմակերպությունում: 2012թ. ապրիլից մինչև 2013թ. դեկտեմբեր եղել է Մեքսիկայում Հայաստանի Հանրապետության դեսպանը:

 

Պարոն խոսնակ, թույլ տվեք շնորհակալություն հայտնել դեսպան Մ արգարյանին անցած ինը տարիներին ԱՄՆ Կոնգրեսի հետ ունեցած ջերմ հարաբերությունների և բարեկամության համար: Նա վաստակել է Կոնգրեսի անդամների, իր գործընկերների խորը հարգանքը, և ես ԱՄՆ ներկայացուցիչների ողջ պալատին խնդրում եմ միանալ ինձ և մեր խորին երախտագիտությունը հայտնել դեսպան Մարգարյանին իր ակնառու ծառայության համար»: