Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 30-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին' ծննդյան 60-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուղերձում ասված է.

 

«Մեծարգո Սերժ Ազատի,

 

Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 60-րդ տարեդարձի կապակցությամբ:

 

Դուք կանգնած եք եղել Արցախյան ազգային-ազատագրական շարժման ակունքներում եւ մեծ ավանդ ունեք հայկական երկու հանրապետությունների կայացման ու զարգացման, հայոց բանակի կազմավորման եւ մեր բոլոր հաղթանակների կերտման գործում:

 

Տարբեր ժամանակներում բարձր պաշտոններ զբաղեցնելով Արցախում եւ Հայաստանում' Դուք անմնացորդ նվիրվել եք հարազատ ժողովրդի շահերի պաշտպանությանը, համազգային նպատակների ու ծրագրերի իրականացմանը: Դա հայրենանվեր եւ ազգանպաստ ծառայություն է, որն արժանի է բարձր գնահատանքի:

 

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ հոբելյանի առթիվ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն, երկար տարիների կյանք ու մեծագույն հաջողություններ Ձեզ եւ Ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին, զորացում ու բարգավաճում' մեր հերոսական ժողովրդին ու հայրենիքին»: