Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 26-ին շնորհավորական ուղերձ է հղել Դատախազության օրվա առթիվ:
Ուղերձում ասված է.
«Դատախազության հարգելի աշխատակիցներ եւ վետերաններ,
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ, տոն, որն ավանդաբար նշվում է մեր հանրապետությունում' ի նշանավորումն ձեր չափազանց կարեւոր ու պատասխանատու աշխատանքի:
Համակարգի առջեւ դրված խնդիրները բարդ են եւ անմիջական ազդեցություն են ունենում մեր պետականության շարունակական ամրապնդման վրա: Եվ դա է պատճառը, որ ձեզ ներկայացվող պահանջները կրկնակի խիստ են: Բարձր արհեստավարժությունը, մարդկային ու բարոյական որակները, հայրենասիրությունն ու պատասխանատվության զգացումը պետք է ուղեկցեն ձեզ ձեր ամենօրյա աշխատանքում եւ օգնեն հաջողությամբ լուծելու առկա խնդիրները: Ձեր աշխատանքից է նաեւ կախված հանրապետությունում օրինականության պահպանումը, հասարակության անվտանգության ապահովումը, քաղաքացիների օրինական շահերի ու իրավունքների հուսալի պաշտպանությունը, հանցավորության դեմ անզիջում պայքարի իրականացումը: Իշխանությունները կշարունակեն անել հնարավորը դատախազության ծառայողների աշխատանքային ու սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ:
Թանկագին բարեկամներ, մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ Դատախազության օրվա առթիվ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք ձեզ եւ ձեր ընտանիքներին»: