Երեւանում մարտի կեսերից մեկնարկած քեսաբահայությանն աջակցության նպատակով դրամահավաքի արդյունքում հավաքագրվել է 33 հազար 515 ԱՄՆ դոլար: «Արմենպրես»-ի հետ զրույցում նախաձեռնության հեղինակներից Վարուժան Ավետիքյանն ասաց, որ այդ գումարն օգտագործվել է Սիրիայում և Լիբանանում գտնվող հազարից ավելի քեսաբահայերին անդամակցելու համար: «Քեսաբահայերի գերակշոռ հատվածը հարձակումներից հետո տեղափոխվել էր Լաթաքիա: Մի մասն ապաստան էր գտնել բարեկամներ մոտ, մյուս մասը շարունակում էր ապրել Լաթաքիայի հայկական եկեղեցու բակում: Այնտեղ բնակվող շուրջ 300 ընտանիք' 944 հոգի, ստացել է դրամական աջակցություն: Յուրաքանչյուր ընտանիք յուրաքանչյուր ամիս ստացել է ավելի քան 500 դոլար' ամսական ծախսերը հոգալու համար»,- ասաց Վարուժան Ավետիքյանը' հավելելով, որ նախապես հաշվարկել էին, թե յուրաքանչյուր ընտանիքի հագուստի, սնունդի, դեղորայքի եւ բնակարանի վարձակալության համար ամսական որքան գումար է անհրաժեշտ:
Եվս 8 ընտանիք'14 հոգի'հիմնականում տարեցներ, չէին կարողացել հեռանալ Քեսաբից եւ նրանց աջակցության համար հիմնադրամը գումարը ուղարկել է Քեսաբ' սնունդ եւ դեղորայք գնելու համար: «Քեսաբում տեղի ունեցած մարտերի ժամանակ եւս 88 ընտանիք հեռացել էին Լիբանան: Նրանց աջակցելու նպատակով «Ջինիշյան» հիմնադրամը Բեյրութում գործող մասնաճյուղին տրամադել է 5 հազար 380 դոլար: 270 քեսաբահայերի համար տրամադրվել են նաեւ հատուկ կտրոններ' հագուստ եւ կոշիկ գնելու համար: Այդ կտրոնները քեսաբահայերը կարող են օգտագործել Բուրջ Համուդի խանութներում»,-ասաց&nb sp; Ավետիքյանը:
Այս պահին հիմնադրամի աշխատակիցները փորձում են նմանատիպ կտրոններով ապահովել նաեւ Այնճարում ապրող քեսաբահայերին: Ըստ Վարուժան Ավետիքյանի, մի շարք քեսաբահայեր ցանկություն են հայտնել Լիբանանից վերադառնալ Քեսաբ, սակայն անհրաժեշտ դրամական միջոցներ չունեն: Այս պահին հիմանդրամն աշխատում է գումար գտնել ճանապարհածախսը հոգալու համար:
Վարուժան Ավետիքյանի խոսքերով, այս պահին Երեւանում դրամահավաքությունը ժամանակավորապես դադարեցված է, քանի որ քեսաբահայերից շատերը ցանկանում են վերադառնալ իրենց բնակարանները, եւ այժմ նախաձեռնության հեղինակները փորձում են հասկանալ, թե ինչպես եւ ինչով կարող են օգնել նրանց: Ինչ վերաբերում է Հայաստանում եւ Արցախում քեսբահայերի հաստատման համար նախագծի ներկայացմանը, ապա այն դեռ քննարկման եւ մշակման փուլում է, քանի որ քեսաբահայերի մեծամասնությունը Հայաստան գալու ցանկություն չի հայտնել: «Նրանք ցանկանում են վերադառնալ իրենց գյուղը, իրենց բնակարանները եւ այս պահին հիմնադրամի աշխատակիցները փորձում են հասկանալ, թե ինչի կարիք ունեն նրանք եւ հայությունն ինչով կարող է օգնել նրանց»,- ասաց Ավետիքյանը' հավելելով, որ տեխնիկական հարցերի կարգավորումից հետո անհրաժեշտության դեպքում կրկին կազդարարեն դրամահավաքության եւ քեսաբահայերին աջակցության ծրագրերի մասին:
Թուրքիայի աջակցությամբ սիրիական զինյալների կողմից մարտի 21-ին գրավվել էր հայաբնակ Քեսաբը, որը Սիրիայի կառավարական ուժերի կողմից ազատագրվել է հունիսի 16-ին: Քաղաքում դեռեւս լիակատար կենսապայմաններ ապահովված չեն, քանի որ այն ավերվել էր ամիսներ շարունակվող բախումների արդյունքում;
Հասմիկ Հարությունյան