Ուկրաինայի հայկական համայնքը համախմբված է ու քաղաքական լարվածության պայմաններում մեկը մյուսին աջակից են: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին նշեց Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Դավիթ Մկրտչյանը: «Ամենամեծ հայկական համայնքը Դոնեցկի մարզում է, շատ դժվար է նրանց վիճակը, Ուկրաինայի հայերի միությունն իրենց ամեն կերպ փորձում է օգնել: Բացի այդ' տեղի հայերը շատ ակտիվ են, մեկը մյուսին փորձում են օգտակար լինել: Ով դուրս է գալիս, այլ մարզեր տեղափոխվում, մյուսներն օգնում են նրանց»,- ասաց Դավիթ Մկրտչյանը:
Հարցին, թե որքան հայ բնակչություն է դուրս եկել երկրից, Դավիթ Մկրտչյանը պատասխանեց. «Մանրամասն տվյալների չեմ տիրապետում, բայց կարող եմ ասել, որ մոտ 250 ընտանիք երեք ամսվա ընթացքում միայն մեր օգնությամբ տեղափոխվել է Հայաստան: Մարդիկ մինչև հիմա դուրս են գալիս երկրից, ոմանք ավտոմեքենաներով գնում են Հայաստան, Մոսկվա, Ռոստով, շատերը գնացել են Ղրիմ, ովքեր բարեկամներ ունեին այնտեղ: Բայց ես կարծում եմ, որ երբ կռիվը դադարի, մեծամասնությունը կվերադառնա, քանի որ այստեղ են թողել իրենց տները, ունեցվածքը, աշխատանքը»,- հավելեց Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրենը:
Ինչ վերաբերում է Զապորոժեի հայկական եկեղեցու մոտակայքում հնչած պայթյունին, Դավիթ Մկրտչյանը հավաստեց, որ դա եկեղեցու հետ կապ չի ունեցել ու ոչ մի վնաս չի հասցրել կառույցին: «Եկեղեցուց մոտ 300 մետր հեռավորության վրա է եղել: Եկեղեցին վնասված չէ ընդհանրապես, եկեղեցու բակում նման բան չի եղել: Պայթյունը հայկական ծագման հետ ընդհանրապես կապված չէ»,- ընդգծեց նա:
Ուկրաինայի արևելյան մարզերում, հատկապես, Դոնեցկում ու Լուգանսկում, արդեն տևական ժամանակ շարունակվում են անջատողականների ու Ուկրաինայի զինված ուժերի մարտերը: