Թուրքիայի Վճռաբեկ դատարանը թույլատրել է պաշտոնապես գրանցել «Քուրդիստանի դեմոկրատական կուսակցություն» (ԹՔԴԿ) քաղաքական կազմակերպությունը: Այս մասին հայտնում է թուրքական «Թարաֆ» թերթը' նշելով, որ Վճռաբեկ դատարանը կուսակցության կանոնադրության մեջ Սահմանադրությանը եւ Քաղաքական կուսակցությունների մասին օրենքին հակասող դրույթներ չի գտել եւ մերժել է «Քուրդի ստան» անունով կուսակցություն չգրանցելու մասին հանրապետական դատախազության պահանջը:

 

Թերթը գրում է, որ ԹՔԴԿ-ի պաշտոնապես գրանցման մասին դատարանի որոշումը քրդաբնակ տարածաշրջաններում ոգեւորությամբ է ընդունվել:

 

«Վճռաբեկ դատարանի կողմից հանրապետական դատախազության հատկապես «Քուրդիստան» եզրույթի' Սահմանադրությանը չհակասող բնորոշումը շատ կարեւոր զարգացում է», -հայտարարել է փաստաբան Մեհմեթ Աքթարը: Նա ասել է, որ մոտ ժամանակում դիմելու են նորաստեղծ «Քուրդիստանի իրավագետների միություն»-ը պաշտոնապես գրանցելու համար եւս:

 

Քրդական պատմության գիտակ Նաջի Քութլայն այդ առնչությամբ թերթին հայտնել է, որ Քուրդիստանը գոյություն է ունեցել սելջուկների ժամանակաշրջանում Իրանում, իսկ Օսմանյան կայսրությունում' 1847 թվականին Քուրդիստանի նահանգ էր ստեղծվել, որը 1923 թվականին Թուրքիայի Հանրապետության ստեղծումից հետո վերացվել է:

 

Թուրքիայի կառավարությունն ավելի վաղ ահաբեկչական էր ճանաչել քրդերի իրավունքների համար պայքարող Քուրդիստանի աշխատավորական կուսակցութունը (ՔԱԿ), իսկ նրա առաջնորդ Աբդուլլահ Օջալանին ցմահ ազատազրկման է դատապարտել: