Թուրքիայի նախկին զինվորականները միավորվել և հիմնել են կուսակցություն:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, կուսակցությունն ստացել է «ԱՍ» անվանումը:
Կուսակցության պաշտոնականացման մասին դիմումն արդեն ուղարկվել է Թուրքիայի ներքին գործերի նախարարություն: Կուսակցության հիմնադիր նախագահ Ջավիթ Քայըքչըն հայտարարել է, որ հիմնադիրների մեծ մասը լինելու են պաշտոնաթող զինվորականներ: Քայըքչըն տեղեկացրել է, որ իրենց նպատակը շուրջ 200 հազար զինվորականի քաղաքական դաշտում խոսքի հնարավորություն տալն է:
Ներկայում Թուրքիայում գործում է շուրջ 76 կուսակցություն, սակայն մեջլիսում ներկայացված են միայն չորսը' իշխող «Արդարություն և զարգացում»-ը, ընդդիմադիր «Հանրապետական ժողովրդական»-ը, «Ազգայնական շարժում»-ը և քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն»-ը: