Թուրքիայում ձերբակալվել է թուրքական անգլալեզու Today’s Zaman թերթի նախկին գլխավոր խմբագիր Բյուլենթ Քենեշը:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական Haber7 լրատվական կայքը, ոստիկանությունը Քենեշին ձերբակալել է Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայնում, որտեղից նա մեկնում էր Իզմիր:

 

 

Նշվում է, որ հայտնի թերթի նախկին գլխավոր խմբագիրը հայտնի է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ քննադատական և վիրավորական հոդվածներով, ինչի համար նա մի քանի անգամ հրավիրվել է հարցաքննության, սակայն, չի ներկայացել իրավապահ մարմիններին:

 

 

Թուրքական իշխանամետ ԶԼՄ-ները հայտնում են, որ Բյուլենթ Քենեշը սերտ կապեր է ունեցել Ֆաթուլլահ Գյուլենի շարժման հետ (իսլամական հասարակական գործիչ, ներկայում բնակվում է ԱՄՆ-ում), որի գործունեությունը Թուրքիայում արգելված է օրենքով:

 

 

Թուրքիայի կառավարությունը Ֆաթուլլահ Գյուլենին մեղադրում է ահաբեկչական կազմակերպություն ստեղծելու մեջ, իսկ համարում, որ Today's Zaman թերթը հանդիսանում է նրա շարժման տպագիր մարմինը:

 

 

Թուրքիայում պարբերաբար գործողություններ են իրականացվում Գյուլենի կողմնակիցների դեմ: Վերջին խոշոր գործողությունnը ընթացիկ տարվա սեպտեմբերին իրականացվել էր «գյուլենական» համարվող խոշորագույն Koza Ipek Holding-ի գլխավոր գրասենյակում:

 

 

2013 թվականի դեկտեմբերի 17-25-ին կեսերին այդ երկիրը ցնցած կոռուպցիոն սկանդալից անմիջապես հետո, որով բացահայտվել էր թուրքական կառավարության անդամների, այդ թվում' այն ժամանակ Թուրքիայի վարչապետ, ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդու, փեսայի և դստեր խոշոր կոռուպցիոն գործարքները, Էրդողանը հայտարարել էր, որ դրա հետևում կանգնած են ԱՄՆ-ում վտարանդի արդի իսլամի գաղափարախոս Ֆաթուլլահ Գյուլենի հետևորդները, որոնք ցանկանում են տապալել իր կառավարությունը: Էրդողանի հանձնարարությամբ աշխատանքից հեռացվել կամ ձերբակալվել են այդ կոռուպցիոն սկանդալը բացահայտած հազարից ավելի փաստաբաններ, դատախազության և ոստիկանության աշխատակիցներ:

 

 

Իրավապահ և դատական համակարգերը գյուլենականներից «մաքրելու» գործընթացը Թուրքիայում շարունակվում է մինչ օրս:

 

 

Թուրք կրոնական գործիչ Ֆաթուլլահ Գյուլենը հայտնի է իսլամի իր չափավոր մեկնաբանությամբ: Գյուլենը նախկինում եղել է Էրդողանի դաշնակիցը, սակայն նրանց հարաբերությունները փչացել են 2013 թվականի դեկտեմբերին Էրդողանի մերձավոր շրջապատի անդամների նկատմամբ աղմկալից կոռուպցիոն բացահայտումներից հետո, ինչում Թուրքիայի առաջնորդը մեղադրել է Գյուլենի հետևորդներին: Այժմ Էրդողանը փորձում է հասնել ԱՄՆ-ից Գյուլենի արտահանձնմանը, որտեղ նա բնակվում է 1998 թվականից: Գյուլենն, իր հերթին, դարձել է Էրդողանի առավել նշանակալից քննադատներից մեկը: