Թուրքիայի ոստիկանության կողմից Zaman թերթի գլխավոր խմբագիր Էքրեմ Դումանլըի ձերբակալությունից հետո Ադրբեջանը լքել է Zaman Azerbaijan թերթի գլխավոր խմբագիր Սուլեյման Ունալը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Qafqazinfo-ն:
Նշվում է, որ Սուլեյման Ունալն արդեն Թուրքիայում է: Հայտնի չէ, թե ինչու է նա լքել Ադրբեջանը: Սուլեյման Ունալն Ադրբեջանում գտնվել է 2010 թվականի հունվարից: Մինչ այդ նա 11 տարի ղեկավարել է Zaman Avstraliya թերթը, որը հրատարակվում էր Սիդնեյում:
Zaman-ի խմբագիր Դումանլըն ձերբակալվել է անցյալ դեկտեմբերին' Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալից հետո երկրի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից արդի իսլամի գաղափարախող Ֆաթուլահ Գյուլենի հետեւորդների նկատմամբ քրեական հետապնդումների պատճառով: Թուրքիայի իրավապահ մարմինները բացահայտել էին այն ժամանակ երկրի վարչապետ Էրդողանի որդու, փեսայի եւ դստեր մասնակցությամբ կառավարության չորս նախարարների եւ հայտնի գործարարների միջեւ 200 մլրդ դոլարի հասնող կոռուպցիոն գործարքները:
Էրդողանը բացահայտումն իրագործածներին անվանել էր «զուգահեռ կառույց», եւ այդ անվան տակ «գյուլենականների» ձերբակալություններ սկսել, ում նա մեղադրում է իր կառավարութունը տապալելու փորձի մեջ:
Վերջին ձերբակալությունների կապակցությամբ Եվրամիության հնչեցրած քննադատությունների առնչությամբ Էրդողանը հայտարարել է, որ «ԵՄ-ի քննադատությունը ոչ մի նշանակություն չունի»:
«ԵՄ-ն իրավունք չունի քննադատել Ֆաթուլահ Գյուլենի դեմ Թուրքիայի կողմից իրագործվող գործողությունները: ԵՄ-ի քննադատությունը ոչ մի նշանակություն չունի Անկարայի համար», -ասել է նա:
Թուրքական ոստիկանությունը երեկ ձերբակալել է 32 «գյուլենականների», այդ թվում' Zaman թերթի գլխավոր խմբագիր Էքրեմ Դունալըին, Samanyolu հեռուստաալիքի տնօրեն Հիդայաթ Ջույուրին, անվտանգության մարմինների բարձրաստիճան աշխատակիցների, ոստիկանների: Մամուլը հայտնել է, որ վերջին ձերբակալությունները Էրդողանի պատասխանն են' անցյալ դեկտեմբերի 17-ին «զուգահեռ կառավարության» կողմից անցկացված գործողություններին:
Ներկայում ԱՄՆ-ի Փելսինվանիա նահանգում բնակվող Գյուլենը գերմանական մամուլին տված հարցազրույցում հայտարարել է, որ Էրդողանի հետ կհաշտվի միայն այն դեպքում, եթե առաջիկա օրերին տեղի ունենալիք հանրահավաքների ժամանակ նա հայտարարի, որ իր կողմնակիցներին «զուգահեռ կառույց» հայտարարելը «սխալ» եւ «բամբասանքի» հետեւանք է եղել: Նա Էրդողանին մեղադրել է Թուրքիայում ավտորիտարիզմ ստեղծելու մեջ:
Եվրամիության հանձնաժողովի խոսնակ Մայա Կոսյանչիչը հայտարարել է, որ ԵՄ-ում խստորեն անհանգստացած են Թուրքիայում լրագրողների ձերբակալությամբ: ԵՄ-ն հոկտեմբերի 8-ին հրապարակած առաջընթացի զեկույցում խստորեն քննադատել էր Թուրքիայում մամուլի ազատության գնալով ահանգնացող սահմանափակումները: