Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, քաղաքային իշխանություն-բնակիչ կապն ամրապնդելու, համագործակցությունն ընդլայնելու և մայրաքաղաքի զարգացման ծրագրերում երևանցիների առաջարկներին ծանոթանալու ու դրանք ևս ծրագրերում ներառելու նպատակով մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների մարդաշատ վայրերում տեղադրված են «Առաջարկությունների տաղավարներ»: Տաղավարնեը բացվում են յուրաքանչյուր շաբաթ, իսկ ամեն ամսվա վերջում արդեն ամփոփվում են ստացված առաջարկները: Հունիսի ընթացքում ընդհանուր առմամբ «Առաջարկությունների տաղավարներ»-ով ստացվել է շուրջ 1000 նամակ։ Ներկայացված հարցերն ու առաջարկները բազմոլորտ են: Դրանք ուսումնասիրվում և խմբավորվում են, որից հետո, ըստ ոլորտների, փոխանցվում համապատասխան ստորաբաժանումներ՝ հնարավոր լուծումներ տալու նպատակով:

 

Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը տեղեկացրել է, որ եթե սկզբնական շրջանում բարձրացվող հարցերը հիմնականում կոմունալ-կենցաղային կամ հաճախ տեղային բնույթ էին կրում, ապա այժմ երևանցիները հանդես են գալիս առավել ընդգրկուն առաջարկներով՝ նոր այգիների կառուցում, ինչպես նաև քաղաքաշինական հետաքրքիր այլ նախագծերով: Քիչ չեն նաև առաջարկները, որոնց իրականացման ուղղությամբ աշխատանքներն արդեն իսկ ներառված են Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրերում:

 

«Այս տարի «Առաջարկությունների տաղավարներ»-ը տեղադրվել են մայիսի 1-ին, և եթե առաջին ամսում քաղաքացիների կողմից ստացվել էր ավելի քան 500 նամակ, ապա այժմ արդեն կրկնակի աճել է այդ թիվը: Ստացված բոլոր նամակները մեկ առ մեկ ընթերցվում և համապատասխան ընթացք են ստանում: Հավանաբար, հենց սա է նամակների թվի ավելանալու հիմնական պատճառը: Հարկ է նշել, որ քիչ չեն նաև դեպքերը, երբ քաղաքացին, իրազեկված չլինելով այս կամ այն հարցի վերաբերյալ, քաղաքապետարան է դիմում մեր լիազորություններից դուրս հարցերով: Նման դեպքերում ևս մենք արձագանքում ենք նամ ակին և քաղաքացուն համապատասխան օղակ ուղղորդում: Երբեմն, որոշ հարցեր լուծելու նպատակով, կազմակերպվում է վարչական շրջանների ղեկավարների ամենշաբաթյա ընդունելություններին քաղաքացու մասնակցությանը»,-նշել է Սամվել Մերթարջյանը:

 

Մայրաքաղաքի յուրաքանչյուր բնակիչ հնարավորություն ունի, առանց ավելորդ ժամանակ վատնելու, իրեն մտահոգող հարցերն ու առաջարկները Երևանի քաղաքապետարան ներկայացնելու մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրված «Առաջարկությունների տաղավարներ»-ով: