Ադրբեջանի գլխավոր դատախազության կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցներն օրերս Ադրբեջանի մանկավարժական համալսարանի Գյանջայի մասնաճյուղի ռեկտոր Ռամիզ Մամեդովի առանձնասենյակում 300-ից ավելի կեղծ դիպլոմներ են հայտնաբերել: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Դրա հետ կապված' բերման են ենթարկվել եւ պատասխանատվության կանչվել մի խումբ անձինք, որոնք կասկածվում են տվյալ գործում մասնակցություն ունենալու մեջ: Դիպլոմները վաճառվել են միջինը 5-6 հազար մանաթով (մոտ 5-6 հազար եվրո):
Դատախազությունը ստուգումները սկսել է բնակչությունից եկած բողոքների հիման վրա, որոնցում նշվել է, որ Ադրբեջանի մանկավարժական համալսարանի Գյանջայի մասնաճյուղում դիպլոմները տրվում են անօրինական հիմքով:
Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել են, որ Գյանջային հարող որոշ շրջաններում ուսուցիչների դիպլոմների վավերականությունը ստուգելու ժամանակ պարզվել է, որ տվյալ ԲՈւՀ-ից ստացած դիպլոմները չեն համապատասխանում հաստատված պետական ձեւաչափին: Դիպլոմները տրվել են ոչ հաճախումների մատյաններում, ոչ էլ հրամանների գրքում չնշված անձանց անուններով:
Մանկավարժների կեղծ դիպլոմների հետ կապված ուշագրավ են Ադրբեջանի կրթության նախարարության երեկ հրապարակած տվյալներն այն մասին, որ այդ երկրի դպրոցների այս տարվա շրջանավարտների գերակշիռ մասը ավարտական քննություններից անբավարար գնահատական է ստացել: