Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայի Սահմանադրության 10-րդ հոդվածը կմնա առանց փոփոխությունների. Ուկրաինայում պետական լեզուն մնում է ուկրաիներենը:
Նա նաև ընդգծել է, որ Ուկրաինան եղել և մնում է ունիտար պետություն: «Դա անանց սկզբունք է, այն հենվում է քաղաքացիների մեծամասնության դիրքորոշման վրա»,- ասել է նախագահը:
Պորոշենկոն նաև նշել է, որ Սահմանադրության մեջ առաջարկվող փոփոխությունների մեծ մասը վերաբերում է իշխանության ապակենտրոնացմանը և տեղական ինքնակառավարման դերի ուժեղացմանը:
Ուկրաինայում սահմանադրական բարեփոխման արդյունքում տեղական իշխանության մարմինները (տեղական խորհուրդները) իրավունք կստանան իրենց իրավասության սահմաններում տարածաշրջանայինի կարգավիճակ տրամադրել ռուսաց լեզվին և մյուս լեզուներին, հայտնել է Պորոշենկոն:
«Դա դյուրին որոշում չէ, բայց խելամիտ փոխզիջում է, որն ավելի կուժեղացնի մեր ազգը»,- ասել է նա:
Հունիսի 28-ին ֆրանսիական Le Figaro թերթին տված հարցազրույցում Պորոշենկոն ընդունել է, որ ռուսաց լեզուն տարածաշրջանայինի կարգավիճակից զրկելու վերաբերյալ Գերագույն ռադայի որոշումը սխալ է եղել:
«Ես միշտ ասել եմ և այսօր կրկնում եմ, որ ռուսաց լեզուն տարածաշրջանայինի կարգավիճակից զրկելու վերաբերյալ Գերագույն ռադայի որոշումը սխալ է եղել: Իմ նախընտրական արշավի ընթացքում ես քանիցս ընդգծել եմ, որ նման օրենքը երբեք իմ հավանությանը չի արժանանա»,- ասել է Պորոշենկոն, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: