Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունն իր մոտ է կանչել այդ երկրում ԱՄՆ-ի դեսպանին՝ լրտեսական նոր սկանդալի բերումով, հայտնում է «ԲիԲիՍի»-ն:
Դեսպանին պահանջ է ներկայացվել բացատրություններ տալ նախօրեին ձերբակալված մարդու վերաբերյալ, ով գերմանական հետախուզության աշխատակից է, սակայն կասկածվում է հօգուտ ԱՄՆ-ի լրտեսելու համար:
Գերմանացի պաշտոնյաները հաստատել են ձերբակալությունը, սակայն այլ մանրամասներ չեն հայտնում: Հայտնի է միայն, որ ձերբակալվածը 30-ամյա տղամարդ է:
ԱՄՆ-ի և Գերմանիայի միջև հարաբերությունները խիստ սառել էին անցած տարվա սկանդալից հետո, որի համաձայն ԱՄՆ-ի Ազգային անվտանգության ծառայությունը գաղտնալսում էր այդ երկրի կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսը:
Աղբյուրը նկատում է, որ այս նոր զարգացումը կարող է խոչընդոտել Ռուսաստանի կամ Իրանի միջուկային ծրագրի հարցում Արևմուտքի միահամուռ դիրքորոշում ցուցաբերելուն: