Լիբիան որոշում է կայացրել հետ կանչել Թուրքիայում իր դեսպանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը: Լիբիայի պաշտոնական շրջանակների կողմից նման որոշում կայացնելու պատճառ է դարձել արաբական լրատվամիջոցներից մեկին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արած հայտարարությունը, որում նա նշել էր, թե «հնարավոր չէ ընդունել այն, որ Լիբիայի խորհրդարանը տեղակայված է Թոբրուքում»: Թուրքիայի նախագահի նման հայտարարությունը Լիբիայում որակել են որպես միջամտություն երկրի ներքին գործերին և որոշել են Անկարայից հեռացնել իրենց դեսպանին:

 

Լիբիայում արդեն մի քանի ամիս շարունակ կատաղի մարտեր են ընթանում կառավարական ուժերի և նախկին ապստամբների միջև: Շատ երկրներ տարհանում են իրենց քաղաքացիներին Լիբիայի տարածքից, փակվում են դիվանագիտական ներկայացուցչությունները:

 

Վարչապետ Աբդալլահ Աթ-Թանիի գլխավորությամբ Լիբիայի կառավարությունն օգոստոսի վերջին հրաժարական էր տվել' հնարավորություն ընձեռելով հունիսին ընտրված խորհրդարանին նոր կառավարություն ձևավորել: Սակայն ավելի վաղ 'օգոստոսի 25-ին, Համընդհանուր ազգային կոնգրեսը, որը պետք է ազատ արձակվեր նոր խորհրդարանի ընտրությունից հետո, ստանալով իսլամիստական խմբավորումներից մեկի աջակցությունը, վարչապետ էր հայտարարել Օմար Ալ-Հասիին: Այդ ժամանակ վարչապետի պաշտոն զբաղեցնող Աթ-Թանին հայտարարեց այդ քայլի անօրինականությունն ու որպես միակ իրավազոր մարմին նշեց խորհրդարանը, որը անվտանգության նկատառումներով տեղակայված է Թոբրուք քաղաքում: